Հնարավոր է, որ Շվեդիայի մի շարք շրջաններում Բացառիկ օդերեւութաբանական երեւույթ` «արյունոտ անձրեւ» տեղա: Օդերեւութաբանները նման անունով են կոչում այն երեւույթը, երբ տեղումները վարդագույն-կարմիր երանգ ունեն: Գիտնականները եւ օդերեւութաբանները ենթադրում են, որ նման բան տեղի է ունենում անձրեւի կաթիլների մեջ Սահարա անապատի փոշու կուտակման հետեւանքով:
Ինչպես հայտնում է շվեդական Local ինտերնետային պարբերականը, դանիացի օդերեւութաբանները հայտնել են, որ շաբաթ եւ կիրակի օրը նման արյունոտ անձրեւ կարող է տեղալ սկանդինավյան հարեւանի` Շվեդիայի վրա: Ընդ որում, Օդերեւութաբանների խոսքով, այս երեւույթը վտանգ չի ներկայացնում, նման անձրեւը միայն կարմրավուն լուծույթներ կթողնի:
Ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստին», «արյունոտ անձրեւի» մասին առաջին հիշատակումները հանդիպում են Հոմերոսի «Իլիականում»: Մինչեւ 17-րդ դարը մարդիկ ենթադրել են, որ երկնքից իսկապես անձրեւի փոխարեն արյուն է տեղացել եւ այդ երեւույթը գնահատվել է որպես վատ նախանշան:





























