Պրահայում հոկտեմբերի 12-ին կայացել է Անդրանիկ Սողոյանի գործով հեռակա դատը։ Նրան կասկածում են հայ գործարարի սպանության մեջ։
Այս գործով դատաքննությունն սկսվել էր դեռ մեկ տարի առաջ։ Այն ժամանակ չեխական դատարանն ազատել էր Չեխիայի ռուսալեզու խոշորագույն խմբավորումներից մեկի ենթադրյալ ղեկավար Անդրանիկ Սողոյանին, ինչից հետո նա վերադարձել էր Հայաստան։
Դատական նիստում ոչ մի մեղադրյալ ներկա չի գտնվել։ Սողոյանը փաստաբանի հետ բացատրագիր եւ բժշկական տեղեկանք է ուղարկել։ Չեն եղել նաեւ գործի գլխավոր վկաները։ Նրանց մեջ նաեւ գործարար կա, որին, իբր, սպառնացել են մեղադրյալները։ Նրան գտնել չի հաջողվել անգամ ոստիկանների օգնությամբ։ Մեկ այլ կարեւոր վկայի՝ Տագիր Տարժոեւին, որի ցուցմունքների հիման վրա կառուցվել է մեղադրանքը, չեն կարողացել գտնել ռուսական հատուկ ծառայությունները։
Նախորդ նիստին դատարանին կասկածելի էին թվացել հենց Տագիր Տարժոեւի ցուցմունքները, որը հայտնել էր, որ ավելի վաղ այդ հանցավոր խմբավորման անդամ էր եւ տեղյակ էր պատրաստվող մահափորձի մասին։
Սակայն մեղադրյալների փաստաբաններն այդ անգամ բողոքարկել էին ցուցմունքները՝ ներկայացնելով այլ վկաների, հայտնում է «Պրաժսկի տելեգրաֆը»։
Պրահայի Գերագույն դատարանը վճռել է գործը վերանայման դնել, այն կրկին կլսվի Պրահայի քաղաքային դատարանում։




























