Ռուսաստանում հոկտեմբերի 20-ին մեկնարկել են Ընդդիմության համակարգող խորհրդի ընտրությունները։ Քվեարկությունը համացանցում սկսվել է ուղիղ կեսգիշերին, իսկ «օֆլայն» ընտրատեղամասերը կաշխատեն շաբաթ եւ կիրակի օրերին՝ տեղական ժամանակով ժամը 08:00-ից 20:00-ն։
Ընտրությունների կազմակերպիչներն արդեն բախվել են առաջին բարդություններին. Կենտրոնական ժամանակավոր հանձնաժողովի կայքը Մոսկվայի ժամանակով ժամը 08:00-ին կիբերհարձակման է ենթարկվել։ Բացի այդ, Շրջանային ընտրական հանձնաժողով հյուրեր են այցելել։ Չելյաբինսկի ՇԸՀ-ում է հայտնվել ԱԴԾ-ն։ Գործակալները խուզարկել են հաստատությունը՝ հիմնավորմամբ, որ հանձնաժողովի անդամներից մեկը կասկածվում է «մահմեդական ծայրահեղական կազմակերպության հետ կապի մեջ»։ Արդյունքում ընտրատեղամասը ժամանակավոր փակվել է։
Ռուսական ընդդիմության համակարգող 45 հոգանոց խորհուրդն ընտրվում է 1 տարի ժամկետով։ Անդամներն ընտրվում են 4 ցուցակներով. 30-ը՝ համաքաղաքացիական, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները, եւ 5-ական մարդ ձախերի ներկայացուցիչներից, լիբերալներից եւ քաղաքական ազգայնական կազմակերպություններից։





























