Շվեդիայի Վառնեմո քաղաքում հանդիսավոր պայմաններում տեղի է ունեցել Türk bankı բանկի բացումը, որի հիմնադիրն է Կիլիկիայի Մերսին քաղաքում ծնված հայազգի Քադիմ Աքչան։
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Քադիմ Աքչայի բանկի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ելույթներով են հանդես եկել Շվեդիայի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ նախագահ Աննե Լոֆը եւ Շվեդիայում Թուրքիայի դեսպան Զերգուն Քորութուրքը։
Նշենք, որ Քադիմ Աքչան ծնվել է Մերսինում 1951 թվականին, աղքատ հայի ընտանիքում։ 19 տարեկանում մեկնել է Շվեդիա, որտեղ հասարակ աշխատողից հասել է մինչեւ հոլդինգի սեփականատեր։
Շվեդիայի թուրքական մշակույթի եւ ուսումնասիրությունների միությունը 2011-ին «Տարվա բարեկամ» մրցանակը հանձնել է Թուրքիայում ծնված հայազգի գործարար Քադիմ Աքչային՝ «Հաջողության հասնելու համար մտածել թուրքի պես» գրքի համար։ Գործարարը գրքում պատմում է իր կենսագրության մասին եւ խորհուրդ տալիս, թե Շվեդիայում ինչպես պետք է հաջողության հասնել։





























