Այսօր՝ հոյտեմբերի 20-ին, հերթական ավտովթարն է գրանցվել  Լոռիի մարզի Սպիտակ-Երեւան ավտոճանապարհին՝ «Ծաղկունք» ռեստորանի տարածքում: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը,  ժամը  10:30-ի սահմաններում, Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի բնակիչ, 56-ամյա Ալբերտ Շահումյանը, վարելով «Օպել Վեկտրա» մակնիշի 25 ՕՕ 567 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ձորը:

Վթարի հետեւանքով մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով  Սպիտակի բժշկական կենտրոն են տեղափոխվել «Օպել Վեկտրա»-ի ուղեւորներ, Բագրատաշեն գյուղի բնակիչներ՝ Էդիկ Շահումյանը, Աննա Շահումյանը եւ Սեդա Շահումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Լոռիի ճանապարհային ոստիկանները:

Հարկ է նշել, որ գրեթե ամեն օր նշված հատվածում մեքենաներ են ձորն ընկնում, ինչի արդյունքում մարդիկ են վիրավորվում, իսկ պատկան մարմիններին դա կարծես այդքան էլ չի հուզում, հակառակ դեպքում նրանք արդեն անվտանգության միջոցներ ձեռնարկած կլինեին: