Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքում «Դալմա Գարդեն մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրի բացման պաշտոնական արարողությանը:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե բացման արարողությունն իրականացրած Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ համալիրի սեփականատեր «Տաշիր գրուպ» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանի ուղեկցությամբ Հանրապետության ղեկավարը շրջել է նորակառույց համալիրում: Նախագահին ներկայացվել է, որ ավելի քան 45.500 քմ տարածքով կենտրոնը կառուցվել է նման համալիրներին ներկայացվող ամենաբարձր պահանջներին համապատասխան, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել ապահովել մի շարք աշխարհահռչակ ապրանքանիշների ներկայությունը մեկ հարկի տակ: Առեւտրային գոտում ապրանքանիշներ եւ արտադրողների ներկայացնող վաճառքի սրահներից բացի, «Դալմա Գարդեն մոլ»-ը ներառում է ժամանցի գոտի, կինոթատրոններ, մանկական խաղահրապարակ, սրճարաններ եւ հիպերմարկետ: «Դալմա Գարդեն մոլ»-ը հավակնում է դառնալ նաեւ տարբեր միջոցառումների՝ ցուցահանդեսների, շնորհանդեսների, նորաձեւության ցուցադրությունների, համերգների ու այլ հանդիսությունների անցկացման վայր եւ համաքաղաքային առօրյայի անբաժանելի մաս:
Համալիրի բացման արարողությունից հետո, Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է մայրաքաղաքում ամեն տարի ավանդաբար անցկացվող «Արմպրոդէքսպո» մասնագիտացված ցուցահանդես, որտեղ իրենց արտադրանքն են ներկայացնում սննդարդյունաբերության ոլորտի հայրենական առաջատար կազմակերպությունները՝ սննդամթերք եւ խմիչք արտադրողները, մատակարարները, ինչպես նաեւ ոլորտի փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներ, որոնց արտադրանքը եւս արդեն որոշակի տեղ է զբաղեցնում հանրապետության ներքին շուկայում: Սերժ Սարգսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի եւ ցուցահանդեսի կազմակերպիչների ուղեկցությամբ, շրջել է «Արմպրոդէքսպո»-ի տաղավարներով, զրուցել ցուցահանդեսի մասնակիցների հետ, ծանոթացել նրանց ներկայացրած արտադրանքին եւ զարգացման ծրագրերին:


































