Վրաստանի ռուսալեզու միակ հեռուստաալիքը դադարեցնում է հեռարձակումը։ Այդ մասին հոկտեմբերի 20-ին աշխատակիցներին հայտնել է հեռուստաալիքի տնօրինությունը՝ խորհրդակցություն անցկացնելուց հետո։

Ինչպես նշվում է Վրաստանի հանրային հեռարձակողի հայտարարությունում, «ՊԻԿ» հեռուստաալիքի հիմնադիրները որոշել են լուծել ՎՀՀ-ի եւ «ՊԻԿ» հեռուստաալիքի պայմանագիրն ու բանակցություններ սկսել։ ՎՀՀ-ն բավարարել է այդ պահանջը։

Հեռուստաալիքի լրագրողները հանդես են եկել հայտարարությամբ, որում պահանջ է դրված՝ ամբողջ աշխարհի հեռուստադիտողին չզրկել «ՊԻԿ» դիտելուց, հաղորդում է «Գռուզիա օնլայն»-ը: Լրագրողները նաեւ պահանջում են  անկախ աուդիտ անցկացնել, ինչպես նաեւ բացատրել, թե ինչ խնդիրներ է ունեցել պատվիրատուն «ՊԻԿ» հեռուստաալիքի բովանդակության հետ կապված եւ  ինչու լրագրողներին այդ մասին չեն հայտնել  նախապես:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 12-ին գլխավոր տնօրեն Գիա Չանտուրիան հրահանգել էր դադարեցնել «ՊԻԿ» հեռուստաալիքի արբանյակային հեռարձակումը:  Հեռուստաալիքի  տեղեկատվական ծառայության աշխատակիցները բողոքել են հենց ուղիղ եթերում: Ավելի ուշ ալիքն սկսել էր հեռարձակումը: 

Վրաստանի հանրային հեռարձակողը դժգոհ է մնացել «ՊԻԿ»-ի աշխատակիցների նման պահվածքից: Նա իր հայտարարության մեջ նշել է, որ «ՊԻԿ» հեռուստաալիքի թողարկածը ՎՀՀ-ի սեփականությունն է, մանրամասնում է «Նովոստի Գռուզիան»:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ակնհայտ էր, որ այդ կոնֆլիկտի պայմաններում ՎՀՀ-ն չէր երկարացնելու ՊԻԿ-ի հետ պայմանագիրը:  «ՊԻԿ»-ը նախընտրական քարոզարշավի ժամանակ աջակցում էր Միխայիլ Սահակաշվիլիի կուսակցությանը: Այդ պատճառով էլ իշխանության եկած նոր կուսակցությունը դժվար թե այն պահի: