Հոկտեմբերի 19-ը ՀՀ զինված ուժերի տոնացույցում նշվում է որպես Հրթիռահրետանային զորքերի օր:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հոկտեմբերի 20-ին ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկում նշվեց հայկական բանակի հզոր կրակային ուժի ու զորատեսակի տոնը` Հրթիռահրետանային զորքերի օրը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, բարձրաստիճան սպաներ, վետերաններ, զինվորներ, դպրոցականներ: Միջոցառման ընթացքում հրթիռահրետանային զորքերի ստորաբաժանումները դաշտային պայմաններում ներկայացրել են ցուցադրական վարժանքներ` հավանական թշնամուն հրթիռահրետանային ստորաբաժանումների միջոցներով եւ ուժերով խոցելու եւ ոչնչացնելու սցենարով:
Ցուցադրական վարժանքից հետո շարահրապարակում հավաքվածներին ողջունել է ՀՀ պաշտպանության նախարարը: Բարձր գնահատելով հրթիռահրետանային զորքերի դերն ու կարեւորությունը թե Արցախյան գոյամարտի տարիներին, թե խաղաղ պայմաններում, Սեյրան Օհանյանը նշել է, որ հրետանավորները ոչ միայն գործում են իրենց նեղ մասնագիտական առաջադրանքների շրջանակում, այլեւ անձնուրացաբար կանգնում են նաեւ մոտոհրաձգային, տանկային ստորաբաժանումների կողքին. «Սա ապացուցվել է պատերազմի դաշտում, երբ հրետանավորները գործել են նաեւ որպես հրաձիգներ, շատ դեպքերում նաեւ ձեռնամարտ մտնել թշնամու հետ: Այնպես որ, հրետանավորները հայկական բանակի համար ավելին են, քան լոկ փակ կրակային դիրքերից մարտական խնդիրներ կատարող ստորաբաժանումներ»,- ընդգծել է նախարարը:
Օրվա հերոսներին` հրետանավորներին շնորհավորել են նաեւ Կոտայքի մարզի Նոր Հաճնի 4-րդ եւ Արգելի Վ. Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցների տնօրենները:
Հանդիսավոր արարողության ընթացքում գերատեսչական մեդալներով եւ արժեքավոր նվերներով պարգեւատրվել են հրթիռահրետանային զորքերի մի շարք սպաներ եւ զինծառայողներ:





























