Երեւանի «Գեղագիտության Ազգային Կենտրոն» Մանկական ստեղծագործության թանգարանում (Մանկական պատկերասրահ) այսօր՝ հոկտեմբերի 20-ին ընթանում է «Բաց խաղ» (Open Game) համակարգչային խաղերի եւ բջջային հավելվածների Հայաստանի բաց առաջնության երկրորդ մրցանակաբաշխությունը: Երեւանցիներն առավոտից հնարավորություն ունեն այցելել եւ անձամբ տեսնել ներկայացվող նախագծերը, խաղալ ու զրուցել հեղինակների հետ: Հարկ է նշել, որ խաղերի նկատմամբ երեւանցիների հետաքրքրությունը աննախադեպ մեծ է, կենտրոնը այցելուների պակաս չի զգում:

Ներկայացված է 19 նախագիծ: Ամենակրտսեր մասնակիցը 16-ամյա Վիկտորյա Հարությունյանն է, սովորում է ճարտարագիտական համալսարանի վարժարանում: Նա հորինել է մի խաղ, որի իմաստը ուտելիքի վրա նստող ճանճերին սատկացնելն է: Խաղը նախատեսված է բջջային հեռախոսների համար, կազմված է 10 փուլերից: Վիկտորիան ինքնուրույն է հղացել ու նախագծել խաղը, միայն ծրագրավորման համար է դիմել որիշի օգնությանը:

Առաջնությունում ներկայացված են նաեւ ավելի լուրջ նախագծեր, որոնք  առեւտրային նպատակներ են հետապնդում: Web Technologies ընկերությունը ներկայացնում է արեւելյան ավանդական խաղ՝ նարդի: Ընկերության տնօրեն Հայկ Առաքելյանն ասում է, որ համացանցում տարածված մյուս նարդիներից իրենց նախագծածը տարբերվում է անվտանգության ավելի բարձր աստիճանով, քանի որ կիրառել են smartfox server համակարգ, իսկ խաղի ուղեղը Java backend է, որն անհասանելի է հաքերների ու հետաքրքրասերների համար: Հայկական նարդիի նկատմամբ հետաքրքրություն են ներկայացրել վրացական կազինոները, արդեն ընթանում են բանակցություններ: Հայաստանում առայժմ հետաքրքրված չեն նման նախագծերով, քանի որ միայն մեկ ընկերություն ունի օնլայն շահումով խաղերի լիցենզիա («Վիվառոն»): Այս լիցենզիան շատ թանկ է՝ 100 մլն դրամ, այդ պատճառով հայաստանյան շահումով խաղերը դրա վրա ուշադրություն չեն դարձնում:

Առաջնությանը ներկայացված են նաեւ ինտելեկտուալ խաղեր: Ալինա Համբարյանը նախագծել է «Աղոթագիրք» եւ հայկական այբուբեն: Աղոթագիրքը ներկայացնում է Ներսես Շնորհալու աղոթքների ժողովածուն: Այբուբենը ներկայացված է հնաոճ դիզայնով, որում օգտագործվել են հայկական մանրանկարչության տարրեր: Յուրաքանչյուր տառի հետ բացվում է նաեւ այդ տառին նվիրված Ներսես Շնորհալու բանաստեղծությունը: Ալինան ասում է, որ առեւտրային նպատակներ չի հետապնդում, ցանկացած ոք կարող է այս հավելվածը ներբեռնել Apple-ի որեւէ սարքի վրա (iPhone կամ iPad), սակայն իր մտահղացումները կարող են օգտակար լինել հետակա աշխատանքային կարիերայում: Ա. Համբարյանը չբացառեց, որ նման հավելվածներ կարող է ստեղծել նաեւ մյուս հեռախոսների համար: