Փայտե «Գողգոթա» աղոթարանը ռեստավրացումից հետո մինչեւ տարեվերջ կվերադարձվի Լվովի հայկական եկեղեցու իր տեղը։

Աղոթարանի վերադարձն ուշանում է լեհ ռեստավրատորի հիվանդության պատճառով։

Ինչպես հաղորդել է Լվովի քաղխորհրդի պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Լիլիա Օնիշչենկոն, Լեհաստանի գլխավոր ռեստավրատորն առողջական խնդիրներ ունի եւ պետք է հայրենիք գնա բուժման համար։

«Այժմ աշխատանքներն առանց նրա են իրականացվում, այդ պատճառով «Գողգոթայի»  վերականգնումը մի քիչ կուշանա», - նշել է նա, հաղորդում է Analitika.at.ua-ը։ Օնիշչենկոյի խոսքով, «Գողգոթան»կվերադարձվի մինչեւ այս տարվա նոյեմբերի վերջը։

Լվովի հայկական եկեղեցու համալիրի վերականգնումը շարունակվում է արդեն մի քանի տարի։ Աշխատանքներով զբաղվում են լեհ եւ ուկրաինացի ռեստավրատորները՝ Վարշավայի արվեստի ակադեմիայի ղեկավար, պրոֆեսոր Անջեյ Կազբերուկի ղեկավարությամբ, ֆինանսավորումն իրագործում է Լեհաստանի մշակույթի նախարարությունը։