Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հարցազրույց է տվել բրիտանական  «The Independent» թերթին, որտեց պատմել է կրտսեր որոդու` Նիկոլայի մասին, խոստովանել, որ ժամանակին միջնորդ է եղել  ամերիկացիների եւ Սադամ Հուսեյնի միջեւ:

Լուկաշենկոն մասնավորապես ասել է, թե որդուն որպես նախագահ չի պատրաստում: Նա հիշեցրել է, որ Բելառուսի սահմանադրությամբ նախագահ կարող է դառնալ 35 տարին լրացած անձը, իսկ իր որդին ընդամենը ութ տարեկան է:

Լուկաշենկոն նաեւ նկատել է, որ ինքը չի կարող բռնապետ լինել, քանի որ դրա համար ռեսուրսներ չունի: «Այո, բռնապետության համար ես ռեսուրսներ չունեմ: Ես չունեմ ոչ բնական գազ,  ոչ նավթ, միջուկային զենք եւ այլն»,-նշել է նա: «Ես ավելի շատ եմ ժողովրդավար, քան դուք, անգամ այդ գործընթացի եւ այդ բառի ձեր ընկալմամբ»,-ասել է նա բրիտանացի լրագրողներին:

Լուկաշենկոն  վստահություն է հայտնել, որ բելառուսական ընդդիմությունը նախկինի պես ֆինանսական օգնություն է ստանում տարբեր արեւմտյան հիմնադրամներից:

Նա նաեւ պատմել է, որ ԱՄՆ-ն իրեն ներդրումներ եւ աջակցություն է առաջարկել`  Իրաքում միջուկային զենքի առկայության մասին իր հայտարարության համար:

«Ես նրանց ասացի` ոչ: Անգամ առաջարկում էին, որ Բելառուսում ամեն ինչ լավ կլինի, եւ ներդրումներ, եւ աջակցություն»,-պատմել է նա: «Այն ժամանակ խոսելով Հուսեյնի հետ, ես նրանց ասացի, որ Հուսեյնը պատրաստ է ձեզ հետ պայմանավորվել,  եւ նավթի, եւ այլ հարցերի վերաբերյալ, միայն թե մի ռմբակոծեք երկիրը»,-ասել է Լուկաշենկոն` ավելացնելով, որ փաստրեն միջնորդ է հանդիսացել ամերիկացիների եւ Իրաքի միջեւ:

Լուկաշենկոն նաեւ իրեն «ծեր» գործիչ է համարել,  որը շատ բան գիտի եւ շատ բան է  հիշում: «Ձեր Քեմերոնը ջահել է այն իմաստով, որ վերջերս է քաղաքականության մեջ մտել: Բացի ճամարտակելուց, նա հավանաբար կյանքում ուրիշ բան չի էլ զգացել»,-ասել է Լուկաշենկոն: