Ֆրանսիայում Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) պատվիրակությունը` ի դեմս երկու համանախագահների` Մուրադ Փափազյանի եւ Արա Թորանյանի,  հոկտեմբերի 18-ին հանդիպել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի սոցիալիստների կուսակցության նախագահ  Բրյունո Լե Ռուին:

Ինչպես փոխանցում է «Nouvelles d'Arménie»-ն, հայկական կառույցի ներկայացուցիչները իրենց կամքն են հայտնել  Ֆրանսիայում` Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումների համաձայն, մինչեւ վերջ տանել Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի ընդունումը: Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների երկու համանախագահները  նշել են, որ «Ֆրանսիայում հայ համայնքի ներկայացուցիչները անհամբեր սպասում են նախագահի եւ սոցիալիստների կուսակցության խոստումների իրականացմանը»:

Բրյունո Լե Ռուն հաստատել է, որ այս հարցում մեծամասնության կամքը չի փոխվել եւ որ նա կհանձնարարի «սոցիալիստների կուսակցությանը տեքստ նախապատրաստել , որը ինչպես կանխամտածվել էր,  պետք է ներկայացվի մինչեւ երկրի նախագահի` պաշտոնում գտնվելու առաջին տարվա վերջը»:

«Ես ինձ վրա պատասխանատվություն կվերցնեմ, որպեսզի աջակցեմ եւ օգնեմ երկրի նախագահին  իր պարտավորությունները կատարելու գործում»,-նշել է Ֆրանսիայի Ազգային ժողովում մեծամասնություն կազմող կուսակցության առաջնորդը: