Օրիոնիդի երկնաքարային հոսքին հնարավոր է հետեւել նաեւ Հայաստանում: Այս մասին NEWS.am-ին ասաց Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ, դոկտոր Արեգ Միքայելյանը: Նա նշեց, որ երկնաքարային հոսքերը նկատելի են Երկրի բոլոր կետերից:
Աստղագետի խոսքով` այդ երեւույթը դիտելու համար, հարկավոր է փնտրել Օրիոնի համաստեղությունը, հենց այնտեղից է սկսվում երկնաքարային հոսքը: Նա նաեւ խորհուրդ է տալիս «աստղաթափին» հետեւել խոշոր քաղաքի լույսերից հեռու:
Նա նաեւ նշեց, որ հոսքն սկսվել է հոկտեմբերի 14 –ին եւ կշարունակվի մինչեւ հոկտեմբերի 26-ը, պարզապես 21- 22-ին կլինի գագաթնակետը:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 21-ի վաղ առավոտյան Երկիր մոլորակի բնակիչներին ֆանտաստիկ երկնային շոու է սպասվում, որը հայտնի է որպես Օրիոնիդի երկնաքարային հոսք: Երկիրն անցնելու է բեկորների հոսքի միջով, որ իր ետեւից թողնում է Գալեյա գիսաստղը, որն Արեգակի շուրջը պտտվում է էլիպսաձեւ ուղեծրով` վերադառնալով երկրի մոտ յուրաքանչյուր 75,5 տարին մեկ:





























