Քուվեյթում հոկտեմբերի 21-ին 100 մարդ, այդ թվում` 11 ոստիկան, վիրավորվել են իրավապահ մարմինների հետ ցուցարարների բախման հետեւանքով:
Բողոքի ակցիայի մասնակիցները բողոքել են ընտրությունների վերաբերյալ օրենքի փոփոխությունների դեմ: Նախորդ ուրբաթ Քուվեյթի էմիր շեյխ Սաբահ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահը հայտնել էր, որ «նախարարներին հրահանգել է փոփոխություններ կատարել ընտրական համակարգում` երկրում ազգային միասնականության եւ ժողովրդավարութան ամրապնդման նպատակով»: Պետության ղեկավարը նաեւ կարգադրել էր ստեղծել Ազգային ընտրական հանձնաժողով եւ նախընտրական քարոզարշավ կազմակերպել:
Ընդդիմությունը, որի կազմում են իսլամիստները եւ տեղական ցեղերի ներկայացուցիչները, համարում է, որ փոփոխություններն առավելություն են տալիս կառավարական ուժերին եւ բոյկոտ է հայտարարել դեկտեմբերի 1-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին:
Կիրակի ամբողջ երկրում փողոց են դուրս եկել 30-100 հազար մարդ: Բողոքի ակցիաները վերաճել են ոստիկանության հետ բախումների: Իրավապահ մարմիններն արցունքաբեր գազ են կիրառել եւ ռետինե փամփուշտներ, հայտնում է NEWSru.com-ը:
Քուվեյթի էմիր շեյխ Սաբահ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահը հոկտեմբերի 7-ին հրամանագիր էր ստորագրել, ըստ որի 2009 թվականի գումարման Ազգային ժողովը հայտարարվում է լուծարված: Պատճառ էր դարձել երկրում քաղաքական ճգնաժամը:




























