Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադի եւ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ալ Ահդար Ալ Իբրահիմիի հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում:
Ինչպես հաղորդում է սիրիական պետական տեղեկատվական «ՍԱՆԱ» գործակալությունը, Բաշար Ասադը հանդիպմանը հաստատել է, որ Սիրիան սատարում է ՄԱԿ-ի հատուկ պատվիրակի ջանքերին եւ անկեղծորեն պատրաստ է արձագանքել ճգնաժամի կարգավորման ցանկացած կառուցողական առաջարկի: Նա ընդգծել է, որ ցանկացած նախաձեռնություն կամ քաղաքական գործընթաց պետք է իրագործվի մի շարք պետությունների կողմից ահաբեկիչների ֆինանսավորումը դադարեցնելու հիմքով:
Սիրիայի նախագահի հետ հանդիպումից հետո Ալ Իբրահիմին Դամասկոսում լրագրողներին հայտնել է, որ տեղի է ունեցել անկեղծ եւ պատասխանատու զրույց: ՄԱԿի-ի հատուկ պատվիրակը հույս է հայտնել, որ Սիրիայում ճգնաժամը կավարտվի եւ կրկին խաղաղություն ու անվտանգություն կտիրի: Նա նշել է, որ նախագահ Ասադի հետ քննարկել է սուրբ տոների ընթացքում հրադադարի հարցը: Նա նաեւ ընդգծել է, որ Սիրիայում եւ դրա սահմաններից դուրս այլ կողմերի հետ եւս արդեն քննարկել է իր այդ անձնական նախաձեռնությունը, ոըր խաղաղ գործընթացի մաս չի կազմում: Ըստ նրա` ընդդիմության ներկայացուցիչները եւ պաշտոնատար անձինք, որոնց հետ նա հանդիպել է, աջակցությունն են հայտնել այդ նախաձեռնությանը:
Նա հայտարարել է, որ ծրագիրը նախապատրաստական փուլում է, բանակցություններ են տարվում շահագրգիռ տարբեր կողմերի հետ: Ալ Իբրահիմին ընդգծել է, որ հրադադարի պահպանման միակ երաշխիքը խոստումն է, որի կատարումը կախված է կողմերի խղճից: Եւ եթե չկատարեն խոստումները, ապա սիրիացի ժողովուրդն իրավունք ունի նրանց պատասխանատվության ենթարկել:
Նույն օրը սիրիացի ընդդիմադիրների «խիղճը» հերթական անգամ հիասթափեցրել է: Այն ժամանակ, երբ կիրակի օրը ՄԱԿ-ի հատուկ պատվիրակը շփվում էր սիրիացի լրագրողների հետ, Դամասկոսի Բաբ Թումա հրապարակում մեքենա է պայթեցվել: Հերթական ահաբեկչության հետեւանքով զոհվել է 13 մարդ եւ վիրավորվել 29 խաղաղ բնակիչ, որոնց շարքում` կանայք եւ երեխաներ: NEWS.am-ին դեռեւս չի հաջողվում ճշտել, թե արդյոք տուժածների մեջ կան հայ համայնքի ներկայացուցիչներ:




























