Թուրքիայի մի շարք քաղաքներում Սիրիայի աջակցության օգտին զանգվածային ցույցեր են տեղի ունեցել, որի կազմակերպիչներն էին Թուրքիայի աշխատավորների միջմասնագիտական միությունը, բուժաշխատողների արհմիությունը, քաղաքացիներ: «Ձեռքերդ հեռու Սիրիայից» կարգախոսով նրանք բողոքել են Սիրիայի նկատմամբ երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականությունից:
Ինչպես հաղորդում է «Դամասկոս» ռադիոկայանը, ցույցի մասնակիցները թուրքական կառավարության ղեկավարին անվանել են ԱՄՆ-ի գործակալ: Լրագրողներին ուղղված հայտարարութան մեջ Միջմասնագիտական միության գլխավոր քարտուղար Իսմայիլ Հակի Թոմբուլը հայտնել է, որ Արդարության եւ զարգացման կուսակցության ղեկավարությունը, արհամարհելով իր ժողովրդի շահերը, իրագործում է Սիրիայի գործերին միջամտելու ամերիկյան ծրագիրը: Նա դատապարտել է նաեւ Էրդողանի կառավարության ներքին քաղաքականությունը, որի հետեւանքով թուրք ժողովրդի մեծ մասը աղքատացման շեմին է, եւ մատնանշել է, որ Թուրքիան վերածվել է տարածաշրջանում ԱՄՆ-ի ցուցումները կատարող ռազմակայանի: Նա թուրք ժողովրդին կոչ է արել հանդես գալ Էրդողանի կառավարության դեմ եւ պահանջել նրա հրաժարականը:




























