Լիբանանի մայրաքաղաքում նախօրեին տեղի ունեցած միջադեպից հետո համեմատական հանգստություն է տիրում: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնել է տեղական «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը, հոկտեմբերի 22-ի առավոտյան քաղաքում համեմատական հանգիստ իրավիճակ է տիրում: Միայն հարավային շրջաններում պարբերաբար ճանապարհներ են փակվում:
Շահան Քանդահարյանի խոսքով, կառավորության շենքի տարածքը իրավապահ մարմինների կողմից խիստ հսկողության տակ է գտնվում: «Մարդիկ աշխատանքի են դուրս եկել, քաղաքում կյանքը աստիճանաբար կարգավորվում է»,-հաղորդել է Շահան Կանդահարյանը, միաժամանակ ավելացնելով, որ ընդհանուր լարվածությունը պահպանվում է: Նրա խոսքով, ակնհայտ է, որ օրվա ընթացքում կհնչեն քաղաքական հայտարարություններ, քանի որ ընդդիմությունը շարունակում է պահանջել կառավարության հրաժարականը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 21-ին ցուցարարների խումբը փորձել էր գրոհել Բեյրութում Լիբանանի կառավարության շենքը: Նրանք կարողացել են հաղթահարել ոստիկանների պատնեշը: Նրանք պահանջել են վարչապետի հրաժարականը` անվտանգության ուժերի բարձրաստիճան պաշտոնյա Վիսամ ալ Հասանի մահվան համար, որը զոհվել էր հոկտեմբերի 19-ի ահաբեկչության հետեւանքով: Ամբոխը Բեյրութում Վիսալ ալ-Հասանի հուղարկավորման արարողությունից հետո ուղեւորվել էր դեպի կառավարության շենք:
Կառավարական անվտանգության ուժերը ցուցարարներին կանգնեցնելու համար ստիպված են եղել կրակ բացել եւ արցունքաբեր գազ կիրառել: Որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ Բեյրութում գիշերը կրակոցներ են հնչել:





























