«Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների միջեւ խոչընդոտը Ռուբեն Հակոբյանն է: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 22-ին լրագրողներին հայտնել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը` «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության նիստից հետո:
Նրա խոսքով` խորհրդարանական ընտրություններից հետո «Ազատ դեմոկրատները» պահանջել են Հակոբյանի անունը հանել «Ժառանգության» ցուցակից:
«Մենք առաջարկում էինք, որ «Ժառանգությունը» ներկայացնի ոչ թե Ռուբեն Հակոբյանը, այլ` Զարուհի Փոստանջյանը», - հայտնել է Քոքոբելյանը` ընդգծելով, որ խմբակցությունում տարաձայնությունները Հակոբյանի անձով են պայմանավորված: Ի պատասխան հարցին` հնարավոր է արդյոք, որ «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչները պահպանեն իրենց մանդատները, սակայն լքեն խմբակցության շարքերը, Քոքոբելյանը խոստացել է հանդես գալ հայտարարությամբ, ինչպես նաեւ հստակեցնել հետագա գործողությունները:




























