Հայաստանում մեղրն ավելի թանկ է, քան Եվրոպայում եւ Ռուսաստանում: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մագ» մեղվաբուծական ընկերության փոխտնօրեն Մկրտիչ Յուսյանը: Նրա տեղեկացմամբ՝ Եվրոպայում մեղրի մանրածախ գինը կգ-ի համար 5 դոլար է, Հայաստանում մոտ 7,5 դոլար (3000 դրամ): Մեղրի գնի նման տարբերությունը խոչընդոտում է Հայաստանից մեղրի արտահանմանը, թեեւ հայկական մեղրը որակապես գերազանցում է եւ եվրոպականին, եւ ռուսականին: Մ. Յուսյանը նշեց, որ իրենց մեղրը Ավստրալիայում կայացած միջազգային մրցույթում երկու անվանակարգերում (դասական մեղր եւ բյուրեղացած մեղր) գրավել է համապատասխանաբար երկրորդ եւ երրորդ տեղերը:

Հայկական մեղրի առավելություններից մեկն այն է, որ մեղվափեթակները մեծամասամբ տեղակայվում են ենթաալպիական գոտիներում, հեռու արդյունաբերական գոտիներից: Հոլանդիայում, որը Եվրոպայում մեղրի խոշորագույն արտադրողն է, մեղվափեթակները տեղադրվում են հատուկ դաշտերում, որտեղ յուրաքանչյուր ծաղիկի վրա բազմաթիվ մեղուներ են աշխատում:

Ըստ Մ. Յուսյանի՝ այս տարի մեղրի բերքը Հայաստանում շատ չէ՝ տարին չորային էր, սակայն հայկական մեղրը պահպանում է իր բոլոր որակական հատկանիշերը:

Մ. Յուսյանի կածիքով՝ մեղրի մաքրությունը ստուգելու միակ ճիշտ տարբերակը լաբորատոր ստուգումներն են: