Առաջիկայում Ռուսաստանը կհանի հայկական ձկնաբուծական ընկերությունների նկատմամբ կիրառվող արգելքը: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Յունիֆիշ» ձկնաբուծական ընկերության փոխտնօրեն Արման Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ Ռուսատանի Անասնաբուժական եւ ֆիտոսանիտարիայի դաշնային  ծառայությունը սեպտեմբերին արգելել էր (այսպես կոչված՝ ներմուծման կարմիր քարտ) հայաստանյան «Ակվատեխավտոմատիկա» եւ «Դմիտրի» ընկերությունների արտադրանքը ներմուծել Ռուսաստանյան շուկա, իսկ «Յունիֆիշ» եւ «Գոս» ընկերությունները նախազգուշացվել են (ստացել են դեղին քարտ, ինչը նշանակում է հսկողության ուժեղացում): Պատճառը՝ մանրէաբանական վտանգն է:

Հայկական ընկերությունները սակայն պնդում են, որ իրենց արտադրանքում որեւէ մանրէաբանական վտանգ չկա: «Այդպես էլ չկարողացանք պարզել, թե անալիզները ի՞ն չ պայմաններում են վերցրել: Ստացող կազմակերպությունները նույնիսկ տեղյակ չէին, որ նման խնդիր կա, մեզանից են իմացել»,- ասաց Ա. Մկրտչյանը: Նրա խոսքով՝ Ռուսաստանից ժամանած մասնագետների հետ հարցը նորից քննարկվել է, ու շուտով կարմիր քարտերը կհանվեն:

Ըստ Ա. Մկրտչյանի՝ ռուսակաան արգելքը ներքին գների վրա ազդեցություն չի թողել, թեեւ իշխանազգիների գները շուկայում առանց այն էլ ցածր են: Դա պայմանավորված է շուկայի գերհագեցածությամբ, ինչն էլ հետեւանք է արտահանման ծավալների կրճատման, ամռան շրջանում արտադրողականության բարձրացման: Ա. Մկրտչյանի տեղեկացմամբ՝ Ամանորին եւ Զատկի տներին շուկայից այդ ավելցուկը կվերանա: Ներկայում հայկական ընկերությունները բանակցություններ են վարում ձկնամթերքը Ուկրաինա, Ղազախստան եւ ասիական երկրներ արտահանելու վերաբերյալ: