Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման օրը դեռեւս չի հաստատվել, բանակցություններ են վարվում երկու կողմերի նախարարների հետ: Այս մասին ԱՊԱ գործակալության թղթակցին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը` հույս հայտնելով, որ արտգործնախարարների հանդիպումը տեղի կունենա այս շաբաթվա ընթացքում:
Ռուս համանախագահը նաեւ հայտնել է, որ հանդիպումը տեղի կունենա Փարիզում: Նա նաեւ հաստատել է ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորի այն խոսքերը, ըստ որի ԱԳՆ ղեկավարների հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն տարածաշրջան:
Իգոր Պոպովը ընդգծել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ ընթացող բանակցությունների կարեւորությունը: «Գլխավորը բանակցությունների շարունակությունն է: ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները աջակցում են երկու երկրների միջեւ երկխոսության կարգավորման գործընթացին»:





























