Բրիտանուհի Մարինա Չապմանը գիրք է գրում իր մանկության մասին, երբ նա, Մաուգլիի նման, Կոլումբիայի ջունգլիներում է ապրել 4 տարեկանում առեւանգվելուց հետո: «Առանց անվան աղջիկը» գիրքը լույս կտեսնի հաջորդ տարի, նախատեսվում է նաեւ վավերագրական ֆիլմ նկարահանել:

Մարինա Չապմանը ճշգրիտ չգիտի իր տարիքը: Նա ծնվել է 50-60 տարի առաջ լատինաամերիկյան ընտանիքում: 4 տարեկանում նրա առեւանգել են ծնողներից, իսկ հետո թողել են ջունգլիներում, որտեղ երեխան հայտնվել  է կապիկների խնամակալության տակ:

Մարինայի պատմելով` նա կենդանիների հետ ապրել է ամենաքիչը 5 տարի, որոնց ընթացքում նա ամբողջովին ընդունել էր նրանց պահվածքները եւ կենսակերպը: Աղջիկը հրաշալիորեն ծառեր է մագլցել  եւ սովորել է ինքնուրույն ուտելիք հայթայթել իր համար:

Կապիկների հետ բնակվելուց երկար տարիներ անց նրան հայտնաբերել են  տեղացի որսորդները, ինչից հետո նրան վաճառել են մոտակա բնակավայրի հասարակաց տներից մեկին: Փախչելով իր նոր տերերից` աղջիկը օգնություն է խնդրել, ինչից հետո նրան Մեծ Բրիտանիա են ուղարկել, որտեղ նա հաստատվել է Բրեդֆորդ քաղաքում, հաղորդում է LifeNews-ը: Այստեղ 1977թ-ին  նախկին Մաուգլին ամուսնացել է Ջոն Չապմանի հետ:

«Երբ մենք ցանկանում էին ուտել, մենք պետք է կապիկների նման տարբեր ձայներ արտաբերեինք, այսպես է մեզ դաստիարակել մայրիկը»,-հիշում է նրա դուստրը: