Բրիտանական «The Independent»-ը  լուսանկար է հրապարակել, որում Հայոց ցեղասպանության զոհերի մարմինների ֆոնին գերմանացի սպաներ են լուսանկարված: Լուսանկարը, հավանաբար, արվել է 1915թ. ամռանը: Այնտեղ պատկերված են թուրք երկու սպաներ, քրդական հագուստով մի մարդ եւ գերմանական բանակի համազգեստով երկու գերմանացիներ:

Հրապարակման հեղինակ Ռոբերտ Ֆիսքը հարց է տալիս` արդյոք գերմանացիները 1915թ. հայ քրիստոնյաների զանգվածային սպանության կողմնակիցներ են եղել: Նա հիշեցնում է, որ սա այդ դեպքերը պատկերող լուսանկարներում գերմանացիներիների ներկայության միակ փաստը չէ:

«Առաջին համաշխարհայինի ժամանակ գերմանացի դիվանագետները սարսափով եւ քննադատորեն էին  արձանագրում թուրքական նահանգներում 1,5 միլիոն հայերի բռնագաղթը եւ զանգվածային սպանությունները` թուրք մարդասպաններին  տականքներ անվանելով», - գրում է Ֆիսքը:

Նա նաեւ նշում է, որ սպա Արմին Վեգները կյանքը վտանգելով  Ցեղասպանության ընթացքում լուսանկարել էր հայերին, իսկ ավելի ուշ ձերբակալվել եւ կտտանքների էր ենթարկվել Գեստապոյի կողմից:

Հոդվածում նշվում է, որ  իր աշխատություններում հայ պատմաբան Փիթեր Բալաքյանը պատմել է, թե ինչպես Deutsche Bank-ն զբաղվել է երկաթուղու ֆինանսավորմամբ, որով տեղի է ունեցել հայերի արտաքսումը: Ըստ պատմաբանների` բանկի աշխատակիցներն ապշել են տեսածից: «Պրոֆեսոր Բալաքյանը եւ  այլ պատմաբաններ նույնպես հայտնաբերել են Հայոց ցեղասպանության գերմանացի որոշ վկաների կապը նացիստների վարչակարգի հետ»,- ընդգծում է Ֆիսքը:

Այսպես, մասնավորապես Կոնստանտին ֆոն Նեյրաթը կցված է եղել թուրքական բանակին եւ  հայերի դեմ դիտարկումներ անցկացրել: Արդյունքում Հիտլերի օրոք նա դարձել է արտգործնախարար: 

Ռուդոլֆ Հեսսը  1916 թվականին Թուրքիայում եղել է գերմանական կապիտան: 1940- 43թթ. նա եղել է Օսվենցիմի պարետ: Նա դատապարտվել է եւ կախաղա հանվել 1947 թվականին: