Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեն (Committee to Protect Journalists) իր վերջին հաշվետվության մեջ Թուրքիային անվանել է «Լրատվամիջոցների աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդման հարցում համաշխարհային առաջատար»:
Իր հայտարարության մեջ կոմիտեն ընդգծել է, որ թուրքական իշխանությունները հաճախ վախեցնում են լրատվամիջոցների աշխատակիցներին դատական հետապնդմամբ` պահանջելով լռել տարբեր փաստերի շուրջ, փոխանցում է BBC-ն:
Իրավապաշտպանների տվյալներով օգոստոսի սկզբին թուրքական բանտերում եղել է 76 լրագրող, որոնց մեծ մասը, ենթադրվում է, որ ազատազրկման մեջ են հայտնվել իրենց մասնագիտական գործունեության համար: Ազատազրկված լրագրողների 70 տոկոսը քրդեր են, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Վկայակոչելով թուրքական լրատվանիջոցները` իրավապաշտպանները նշում են, որ անցյալ տարվա ավարտին տեղական իրավապահ մարմինները հետաքննել են լրագրողների դեմ հարուցված մոտ 5 հազար քրեական գործ:




























