Ճապոնական բջջային NTT Docomo-ն նոյեմբերի 1-ին բաց կթողնի հեռախոսային զրույցները թարգմանող ծառայություն: Ծառայության աշխատանքը ցուցադրվել է CEATEC ցուցահանդեսի ժամանակ:  Ծառայության օգնությամբ տարբեր լեզուներով խոսող բաժանորդները կկարողանան իրար հետ շփվել ` չդիմելով «կենդանի» թարգմանչի օգնությանը:

Ծառայությունից օգտվել կկարողանան միայն Android 2.2 եւ ավելի վաղ  տարբերակի սմաթֆոններ ունեցողները: Դրա համար նրանց անհրաժեշտ կլինի հատուկ հավելված տեղադրել: Խոսակցության ժամանակ  բաժանորդը ոչ միայն կլսի իր զրուցակցի նախադասությունների թարմանությունները, այլ նաեւ թարգմանված տեքստը կտեսնի իր հեռախոսի վրա: Ընդ որում թարգմանությունը միշտ չէ, որ ճիշտ կլինի, գրում է «Լենտա.ru»-ն:

Բաց թողնման պահին ծառայությունը դեռեւս կապահովի ճապոներենից անգլերեն  եւ կորեերեն,  չինարեն թարգմանությունները  եւ հակառակ ուղղությամբ: Հետագայում լեզուների ցուցակը կընդլայնվի:

Ավելի վաղ` հոկտեմբերի 11-ին  NTT Docomo-ն Android-ի համար թողարկել է սրճարանների եւ ռեստորանների մենյուների օտարալեզու ցուցակների թարգմանության ծառայություն: Թարգմանության համար անհրաժեշտ է հեռախոսի տեսախցիկով լուսանկարել տեքստը: