Նման անհարմար իրադրությունում չհայտնվելու համար  Խաչատուր Քոքոբելյանը, որպես մարդ եւ քաղաքական գործիչ, պետք է պահեր պայմանավորվածության ժամանակ տված խոսքը:   Խորհրդարանում այսօր` հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է «Ժառանգություն» խորհրդարանական  խմբակցության  առաջնորդ Ռուբեն Հակոբյանը` անդրադառնալով «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանի հայտարարությանը:

«Ժառանգություն» խմբակցության նիստի օրակարգը հաստատված էր, եւ ոչ մի փոփոխություն հնարավոր չէր մտցնել: Իմանալով, որ օրակարգում  պիտի քննարկվի իր հարցը, որ նա չի ներկայացնելու  «Ժառանգություն» խմբակցությունը, ի պատասխան դրան` նա  լրագրողներին հայտարարել է, որ  կպահանջի իմ հեռացումը խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոնից: Ես ցավում եմ, որ  այդպես է ստացվել, եւ նման դրություն է ստեղծվել»,- նշել է նա:

Հակոբյանը նաեւ ցավ է հայտնել, որ  կատարվածի հետեւանքով զոհ է դարձել Ալեքսանդր Արզումանյանը, քանի որ նա նորմալ է աշխատում: Սակայն, ըստ Հակոբյանի, Քոքոբելյանը ոչ մի քայլ չի ձեռնարկել խմբակցությունում նման իրավիճակը կանխելու համար:

Խոսելով Րաֆֆի Հովհաննիսյանի եւ  Խաչատուր Քոքոբելյանի միջեւ մանդատները վայր դնելու պայմանավորվածության մասին` Հակոբյանը նշել է, որ  եղել է նման բան` չնայած որ Քոքոբելյանը հերքում է դա: «Եղել են նաեւ այլ պայմանավորվածություններ, որոնց մասին ես այժմ խոսել չեմ ցանկանում:  Մանդատը չպետք է զարդարի մարդուն, այլ մարդը` մանդատին: Ես Քոքոբելյանի դեմ ոչինչ չունեմ, սակայն վատ չի լինի, եթե նա մտածի կատարվածի մասին»,- նշել է Հակոբյանը:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի