Կա հույս, որ Ռուսաստանի հետ արտահանման ռեժիմում առաջիկա 1-2 շաբաթում տեղաշարժ կլինի: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ձկնաբուծությամբ զբաղվող 4 ընկերություններից մեկի ղեկավարը, որի արտադրանքի արտահանումը Ռուսաստան սահմանափակվել է: Հիշեցնենք, որ այդ ցանկում են «Ակվատեխավտոմատիկա» ՓԲԸ-ն, «Դիմիտրի» ԲԲԸ-ն, «Յունիֆիշ» ԲԲԸ-ն եւ «Գոս» ՓԲԸ-ն:
«Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչների հետ, ովքեր վերջերս եղել են Հայաստանում, մի շարք ստուգումներ ենք անցկացրել, որոնց արդյունքում սպասում ենք իրավիճակի բարելավման»,-հայտարարել է նա:
Այդ 4 ընկերություններից եւս մեկի ղեկավարն էլ նշել է, որ ձկան արտահանումը Ռուսաստան շարունակվում է առանց որեւէ դժվարության: «Սահմանված կարգով ես Հայաստանում սերտիֆիկացնում եմ ձուկը, այն ստուգում են Ռուսաստանում եւ թույլ են տալիս ներկրել երկիր»,-ասել է նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ռուսաստանի անասնաբուժական և ֆիտոսանիտարիայի դաշնային ծառայությունը` «Ռոսսելխոզնադզորը», արգելել է Ռուսաստանի տարածք իսլանդական Vinnslustooin HF արտադրության եւ հայկական «Ակվատեխավտոմատիկա» ըկերության արտադրանքի ներմուծումը: Արգելքը ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 27-ից:
«Ռոսսելխոզնադզորի» տեղեկատվության համաձայն, իսլանդական սառեցված սկումբրիա եւ Հայաստանից ներմուծվող իշխան ձկան մեջ հայտնաբերվել են աղիքային ցուպիկների խմբի բակտերիաներ: Այս ընկերությունները նախկինում նույնպես հայտնվել են Ռուսաստան ներմուծվող ընկերություններին ներկայացված պահանջները խախտողների «սեւ ցուցակում»:
Բոլոր այդ 4 ընկերություններում ներկայում իրականացվում են ստուգումներ: «Դմիտրի» ընկերության համար արտահանման արգելքն արդեն գործում է, «Յունիֆիշ» եւ «Գոս» ընկերությունները նախազգուշացում են ստացել, իսկ «Ակվատեխավտոմատիկա» ընկերության նկատմամբ արտահանման արգելքը կգործի սեպտեմբերի 27-ից:





























