Հակառակ ռուս ընդդիմադիրների այն պնդումներին, թե իբր պատգամավոր Իլյա Պոնոմարյովի օգնական Լեոնիդ Ռազվոզժաեւը հոկտեմբերի 19-ին առեւանգվել է Կիեւում եւ գաղտնի կերպով Մոսկվա է տեղափոխվել, որտեղ դատարանը նրան ձերբակալելու որոշում է կայացրել` Ռուսաստանի Քննչական կոմիտեն հանդես է եկել   պաշտոնական հայտարարությամբ, որում վստահեցվում է, որ հոկտեմբերի 21-ին Ռազվոզժաեւը «անձամբ է դիմել Ռուսաստանի ՀԿ-ին եւ հայտնել է մեղայականով հանձնվելու իր որոշման մասին»: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին Ռազվոզժաեւի նկատմամբ դաշնային հետախուզություն է հայտարարվել:

ՌԴ ՔԿ-ի համաձայն` Ռազվոզժաեւը մանրամասնորեն պատմել է Սերգեյ Ուդալցովի, Կոնստանտին Լեբեդեւի եւ այլ անձանց հետ  միասին Ռուսաստանի Դաշնության տարածքում անկարգություններ կազմակերպելու հանգամանքների մասին:

Հիշեցնենք, որ լրագրողները Ռազվոզժաեւին տեսել են ընդամենը մի քանի վայրկյանով, երբ նա  պահակախմբի հսկողությամբ դուրս էր գալիս Բասմանյան դատարանից: Նա լրատվության  ներկայացուցիչների ուղղությամբ գոչ էլ «Պատմեք, որ ինձ կտտանքների են ենթարկել»:

 Այս վարկածը անմիջապես հաստատել են  «Արդար Ռուսաստան» խմբակցության պատգամավոր  Դմիտրի Գուդկովը եւ  «Ձախ ճակատի» առաջնորդ Սերգեյ Ուդալցովը: Հոկտեմբերի 22-ին նրանք հայտնել են, որ Ռազվոզժաեւը  Ուդալցովի եւ Լեբեդեւի դեմ ցուցմունք կարող էր տալ միայն կտտանքների ներքո: Սերգեյ Ուդալցովը իր հերթին  հերքել է  Քննչական Կոմիտեի  վկայություններն այն մասին, որ  «Միլիոնների երթ»-ը, որը մայիսի 6-ին  տեղի է ունեցել Մոսկվայում, ֆինանսավորվել է Վրաստանից, հաղորդում է «Պրավդա.ru»-ն: