«ժառանգություն» խմբակցությունում կատարվողը համաշխարհային  պատերազմ չէ, որպեսզի որեւէ մեկը  կատարվածի «զոհ» դառնա: Այդ մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը` մեկնաբանելով այն, ինչ տեղի է ունենում խմբակցությունում:

«Դա սովորական գործընթաց է, դաշինքն ստեղծվել էր «Ազատ դեմոկրատներ» եւ  «Ժառանգություն» կուսակցությունների, ինչպես նաեւ հանրային   հատվածի հիման վրա: Մարտավարական  նկատառումներից ելնելով`  «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը որոշել էր խորհրդարանական ընտրություններին մասնակցել «Ժառանգության» ցուցակում: Ընտրություններից անմիջապես հետո, երբ ձեւավորվել էր «Ժառանգություն» խմբակցությունը,  որոշվել էր, որ այդ խմբակցությունը վերը հիշատակված կուսակցությունների եւ հանրային   հատվածի դաշինքն է: Այժմ էլ հայտարարվել է այն մասին, որ Քոքոբելյանն այլեւս չի ներկայացնում «Ժառանգություն» խմբակցությունը: Դե ինչ,  լավ: Մենք կմնանք  «Ժառանգություն» խմբակցության կազմում, սակայն կներկայացնենք «Ազատ դեմոկրատները»: Այսինքն, մենք կարտահայտենք միայն «Ազատ դեմոկրատների» տեսակետը», - նշել է Արզումանյանը:

Ի պատասխան հարցին, թե  որ պահից է դաշինքում տարանջատում տեղի ունեցել, Արզումանյանը նշել է, որ դա վերջին 2 ամիսների  իրադարձությունների հետեւանքն է:  «Դա միջանձնական ճակատում  միմյանց չհասկանալու հետեւանքն է, ինչը քաղաքական ուժերին հարիր չէ»:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի