2010 թ. ընդունված օրենքի համաձայն` ՀՀ-ում խաղատների գործունեությունը 2013 թվականի հունվարի 1-ից կազմակերպվելու է միայն Սեւան, Ջերմուկ եւ Ծաղկաձոր քաղաքներում: Սակայն ՀՀ կառավարությունը նոր օրենսդրական նախաձեռնություն է հանդես բերել` այդ գործընթացը հետաձգել եւս մեկ տարով: Օրենսդրական փաթեթն արդեն ներառվել է ՀՀ Ազգային Ժողովի նիստերի օրակարգում:
ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջում որոշ ուշացումով տեղադրվել է ՀՀ ֆինանսների նախարարության բացատրությունը` նշված գործըթնացն ուշացնելու վերաբերյալ:
Առաջացած կարեւորագույն խնդիրներից են` վերոնշյալ 3 քաղաքներում խաղային բիզնեսի կազմակերպման եւ բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայությունը կամ թերզարգացվածությունը, այդ քաղաքներ զբոսաշրջիկների ներգրավման հետ կապված` գործնականում ծագող բարդությունները: Նոր վայրերում գործունեություն կազմակերպելու համար պահանջվում են հսկայական ներդրումներ, որոնց վերադարձելիությունը կազինոների սեփականատերերը համարում են խիստ կասկածելի` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երեւան քաղաքում կամ շրջակայքում գործելու է մեկ խոշոր խաղատուն, ինչը մեծ խոչընդոտ է հանդիսանալու վերոնշյալ երեք քաղաքներ խաղացողների հոսքի համար: Այս խնդիրները վերջին հաշվով կհանգեցնեն ոլորտի մոնոպոլացմանը: Նշենք, որ խոսք է գնում Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատան մասին, որը գտնվում է Երեւանի մերձակայքում, եւ որտեղ ներկայում իրականացվում են ընդլայնման աշխատանքներ: Ըստ գործող օրենքի` եթե կազինոյի սեփականատերը 40 մլրդ դրամի ներդրում է իրականացնում, ապա կարող է չտեղափոխել իր կազինոն: Իսկ նման ներդրում այս պահին իրականացնում է բացառապես «Շանգրի Լա»-ն: Այսպիսով, եթե օրենքը ուժի մեջ մտնի, ապա «Շանգրի Լա»-ն կմնա, իսկ մյուսները կտեղափոխվեն, այստեղից բխող բոլոր հետեւանքներով:
ՀՀ ֆինանսների նախարարության եզրակացության համաձայն` բազմաթիվ խաղատներ պարզապես կդադարեցնեն իրենց գործունեությունը, ՀՀ պետական բյուջեն կկրի կորուստներ` տարեկան մոտավորապես 4-5 միլիարդ ՀՀ դրամի չափով, ինչպես նաեւ խաղային բիզնեսում ներգրավված աշխատողների թվաքանակը կկրճատվի մոտ 700-ով:
ՀՀ վարչապետի մոտ խաղային բիզնեսի ներկայացուցիչների հետ կայացած խորհրդակցության արդյունքում որոշվել է մեկ տարվա ընթացքում մշակել խաղային բիզնեսի զարգացման ծրագիր, որի հիման վրա, ՀՀ կառավարության կողմից հավանության արժանանալու դեպքում, կմշակվի օրենքների նախագծերի նոր փաթեթ եւ կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:





























