Վրաստանի նոր խորհրդարանում կստեղծվի քննչական կոմիտե, որը կքննի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի կառավարման ժամանակաշրջանում իրականացված «հանցագործությունները»: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է նոր խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլին:
Նրա խոսքով` մի քանի աղմկահարույց գործեր են սպասվում: Հայտնի կդառնան բռնության դեպքերի, էլիտար կաշառակերության եւ քաղաքական հետապնդման փաստերի մասին:
Ուսուպաշվիլին հայտնել է, որ խորհրդարանի հետաքննչական կոմիտեն հավանաբար կղեկավարի իր կինը, ով հանդիսանում է Վրաստանի «Հանրապետական» կուսակցության ղեկավարներից մեկը:
Խոսնակը նաեւ հայտնել է, որ իշխող կոալիցիան կձգտի հնարավորին արագ գործի դնել Վրաստանի սահմանադրությունը, որը կամրապնդի Իվանիշվիլիի կառավարությունը եւ Միխայիլ Սահակաշվիլուն կզրկի մի շարք լիազորություններից:
Հիշեցնենք, որ իշխող կոալիցիայի «Հանրապետական կուսակցության» 44-ամյա առաջնորդը խորհրդարանի խոսնակ է նշանակվել հոկտեմբերի 21-ին:




























