Իսրայելը կարող է առնչություն ունենալ Լիբանանի հետախուզության ղեկավար, գեներալ Վիսամ ալ-Հասանի սպանությանը:
Իսրայելական Yedioth Ahronoth թերթը՝ վկայակոչելով լիբանանյան լրատվամիջոցները, գրում է, որ գեներալ ալ-Հասանը եւ նրա ծառայությունը կարեւոր դեր են խաղացել Լիբանանում Իսրայելի 25 հետախուզական խմբերի բացահայտման եւ իսրայելական հատուկ ծառայությունների 17 գործակալների կալանավորման գործում: Թերթը չի հաղորդում, թե իսրայելական կողմն ինչպիսի առնչություն ունի ալ-Հասանի սպանության հարցում:
Իր հերթին, իսրայելական «Կուրսորը» հաղորդում է, որ նախօրեին նմանատիպ հայտարարություններով հանդես են եկել «Հըզբոլլահի» ներկայացուցիչները, նշելով, որ Լիբանանում ահաբեկչությունից «շահում է միայն Իսրայելը»:
Հիշեցնենք, որ Վիսամ ալ-Հասանը սպանվել է հոկտեմբերի 19-ին, Բեյրութի կենտրոնում, քրիստոնեական թաղամասում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով: Այդ ահաբեկչության հետեւանքով զոհվել է 8 մարդ, այդ թվում մեկ հայուհի, ավելի քան 100 մարդ վիրավորվել է:




























