Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանն ընդունել է Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալության (ՇԶՀԳ, SDCA) պատվիրակությանը, որը գլխավորում էր գործակալության գլխավոր տնօրենի օգնական, մարդասիրական հարցերով վարչության ղեկավար Մանուել Բեսլերը։ Հանդիպմանը ներկա էին նաեւ ՇԶՀԳ Եվրոպայի եւ Միջերկրածովյան բաժանմունքի ղեկավար Բուրգի Ռոսը, տարածաշրջանային գրասենյակի տնօրենի տեղակալ, մարդասիրական ծրագրի ղեկավար Մաթիաս Վայնգարթը, ԱՌՆ հարցերով պատասխանատու Էվելին Շտուդերը եւ Հայաստանում ՇԶՀԳ ծրագրերի համակարգող Սերգեյ Հովհաննիսյանը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե հանդիպման հիմնական նպատակն էր ամփոփել մինչեւ հիմա իրականացված ծրագրերի արդյունքներն ու նախանշել համագործակցության հետագա ուղիները։
Նախարար Ա. Երիցյանը շվեյցարացի գործընկերներին շնորհակալություն հայտնելով համագործակցության համար` հանգամանալից ներկայացրեց նախարարության աշխատանքը. «Նախ եւ առաջ, ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր կողքին ամուր կանգնելու համար։ Մեր հզորությունը եւ այն, որ մենք միանգամից մի քանի քայլ առաջ ենք գնացել, մեծապես նաեւ ձեր շնորհիվ է։ ԱԻ նախարարությունը Հայաստանում ամենաերիտասարդն է` ստեղծված ընդամենը 4 տարի առաջ, սակայն մեր ճգնաժամային կառավարման կենտրոնն արդեն համարվում է տարածաշրջանում լավագույններից մեկը եւ վայելում բնակչության մեծ վստահությունը։ Համեմատության համար ասեմ, որ մոտ 5 ամսվա ընթացքում մեր «911» ծառայությունը ստացել է շուրջ 800 հազար ահազանգ, որոնցից ոչ մեկն անարձագանք չի մնացել։ Օրվա ընթացքում 4-5 հազար զանգ է սպասարկվում։ Շուտով մեր նորակառույց ՃԿԿ-ում աշխատանքի է անցնելու նաեւ 25-30 հաշմանդամ։ Ձեր աջակցությունը վստահություն է ներշնչում, որ մենք շարունակելու ենք գնալ առաջ»։
Սա Մանուել Բեսլերի առաջին այցն էր Հայաստան, եւ նա շնորհակալություն հայտնեց ԱԻ նախարարին` ջերմ ընդունելության համար.
«Շատ տպավորված եմ մեր համագործակցության արդյունքներով ու տեսնելով, թե ինչքան ջանքեր են ներդրվում Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման համար։ Շվեյցարիան եւս հետաքրքրված է այդ ոլորտում տարվող աշխատանքներով, եւ կուզենայինք իմանալ, թե ուրիշ ո՞ր ուղղություններով կարող ենք շարունակել մեր համատեղ աշխատանքը»։
Ա. Երիցյանը նշեց ԱԻՆ զարգացման առաջիկա ուղղությունները, որտեղ շվեյցարացիների փորձագիտական եւ տեխնիկական աջակցությունը շատ գնահատելի կլինի։ Դրանք են` Գառնիի դիտարանի վերագործարկում, բոլոր մարզերում ՃԿԿ-ների հիմնում, փրկարար ծառայության շնաբանական եւ ականազերծման ծառայությունների, աղետների բժշկության զարգացում։
Պարոն Բեսլերը պատրաստակամություն հայտնեց շարունակել եւ խորացնել ԱԻ նախարարության հետ համագործակցությունը` հնարավորինս աջակցելով մեր ջանքերին։
«Այսպիսի բարձր մակարդակում ունենալով այսպիսի փորձառու գործընկեր` մենք վստահ ենք, որ մեծ հաջողություն ենք արձանագրելու»,- նշեց Մանուել Բեսլերը։
Հանդիպման ավարտին շվեյցարացի հյուրերն ԱԻ նախարար ուղեկցությամբ այցելեցին ՃԿԿ, որտեղ ծանոթացան դրա առաքելությանը, կառուցվածքին, տեխնիկական զինվածությանն ու տվյալների բազային։





























