Իսրայելում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը կմասնակցի Հայ առաքելական եկեղեցու Երուսաղեմի պատրիարք Թորգոմ II-ի թաղմանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

Թաղման արարողությանը մասնակցելու համար Երուսաղեմ է ուղեւորվել նաեւ Հայ առաքելական եկեղեցու Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը եւ Գեղարքունիքի թեմի առաջնորդ Մարկոս Հովհաննիսյանը: Թորգոմ II-ի թաղման արարողությունը կկայանա հոկտեմբերի 22-ին:

Թորգոմ II-ը (Ավետիս Մանուկյան) մահացել է հոկտեմբերի 12-ին՝ 93 տարեկան հասակում: Իրաքում, հայ փախստականների ընտանիքում ծնված Թորգոմ II-ը 1990 թվականին դարձել է Երուսաղեմի 96-րդ պատրիարքը: Նա ղեկավարել է Երուսաղեմի թեմը մինչեւ 2009 թվականը, մինչեւ ծանր հիվանդանալը: Թորգոմ II-ի հիվանդության տարիներին նրան փոխարինել է արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանը: