Լեհաստանում 108 տարեկան հասակում մահացել է նացիստների Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի խոշտանգումները վերապրած ամենածեր բանտարկյալը՝ Անտոնի Դոբրովոլսկին:

Մինչ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը Դոբրովոլսկին ուսուցիչ է աշխատել եւ շարունակել է դպրոցականներին ուսուցանել երկիրը գերմանիայի կողմից օկուպացվելուց հետո, թեեւ նացիստներն արգելել էին լեհերին միջնակարգ կրթություն ստանալ:

1942 թվականին նա կալանավորվել է Գեստապոյի կողմից, որից հետո տեղափոխվել է «Օսվենցիմ»: Փոխելով եւս երկու մահվան ճամբար, Անտոնին դարձավ այն երջանիկներից մեկը, ով 1945 թվականին ազատ արձակվեց բանտարկությունից: Դրանից հետո նա շարունակել է ուսուցչի իր աշխատանքը տեղի դպրոցներից մեկում, հաղորդում է LIfeNews-ը:

Գերմանական համակենտրոնացման ճամբարների համալիրը՝ Աուշվից-Բիրկենաուն, 1940-45թթ տեղակայված է եղել Օսվենցիմ քաղաքի մոտ: Շուրջ 1,3 մլն մարդ, որոնցից շուրջ 1 մլն-ը՝ հրեաներ, սպանվել են այդ համակենտրոնացման ճամբարում Երկրորդ աշխարհամարտի ժամանակ: