ԱՄՆ բնակիչների մեծ մասը ( 78 տոկոսը), հավատում է, որ Աստված գոյություն ունի եւ ազդում է մարդու էվոլյուցիայի վրա, իսկ 15 տոկոսը հերքում է Աստծո դերն այդ հարցում: Այսպիսին են «Գելափ» ծառայության անցկացրած հարցման արդյունքները:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին», սոցիոլոգիական հետազոտությունը, որին այս տարվա մայիսին մասնակցել են 1012 հասուն ամերիկացիներ, հաստատել է նրանց հայացքների կայունությունը տասնամյակների ընթացքում:
Այս տարի ԱՄՆ բնակիչների 46 տոկոսը համաձայնել է պնդման հետ, որ «Աստված մարդուն ստեղծել է այն տեսքով, ինչ նա ունի այսօր»: 1993 եւ 1999 թվականներին այս կարծիքին են եղել ամերիկացիների 47 տոկոսը:
1982 թվականին, այս խնդրի առնչությամբ անցկացված առաջին հարցման ժամանակ այդ թիվը կազմել է 44 տոկոս:
Վերջին հարցումը ցույց է տալիս, որ ամերիկացիների 32 տոկոսը հավատում են «Աստծո հովանու ներքո ընթացող էվոլյուցիային», քանի որ նրանք համաձայնել են պնդմանը, որ «մարդը միլիոնավոր տարիների ընթացքում էվոլյուցիայի է ենթարկվել, բայց Աստված ուղղորդել է այդ գործընթացը»:




























