«Ատոմակայանի շահագործման երկարաձգում» արտահայտությունն ընդունելի չէ, քանի որ յուրաքանչյուր ապրանք ունի իր որակի բնութագիրները, եւ եթե Մեծամորի ԱԷԿ-ը կարող է գործել լրացուցիչ տասը տարի, ապա պետք է օգտագործել այդ հնարավորությունը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյնաը:

Միանասյանի խոսքով, եթե ատոմակայանի աշխատանքում կան անսարքություններ, ապա նրա գործունեության դադարեցման հարցում առաջին հերթին պետք է շահագրգռված լինի հենց Հայաստանը: Հետեւաբար, այլ երկրի կողմից տեխնիկական աջակցությունը ոչինչ չի տալիս. «Եթե չկա սպառնալիք, ապա համագործակցության մասին փաստաթուղթ ստեղծել եւ դրա մասին հայտարարելն անընդունելի է»:

Երկրորդը` ատոմակայանը պետք չէ որպես քաղաքկան գործոն դիտարկել. «ԱԷԿ-ի հարցում չի կարող քաղաքական նպատակահարմարություն լինել,  քանի որ այն լուրջ գործոն է տարածաշրջանում: Բացի այդ, ԱԷԿ-ը Հայաստանի էներգետիկ անկախության երաշխիք է: Թեեւ ներկայումս մենք բավականին էներգետիկ ռեսուրս ունենք, չեմ կարծում, որ մենք իրավունք ունենք դադարեցնել ԱԷԿ-ի աշխատանքը` չկառուցելով նորը: Եւ լավ կլիներ, որ ԱՄՆ-ի հետ այդ համագործակցությունն ուղղվեր նոր ԱԷԿ-ի կառուցմանը»:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը,  Մեծամորի ատոմային էլեկտրակայանի  շահագործման ժամկետը 10 տարով երկարացվել է: Երկարացումը նախատեսվել էր Հայաստանի էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի եւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնի ստորագրած էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագրում: Դեսպանը նշել էր, որ  եթե Հայաստանը մտադիր է շահագործման ժամկետը 2016թ.-ից երկարացնել լրացուցիչ 10 տարով, ապա ԱՄՆ-ն պատրաստ է դրա համար անհրաժեշտ ամբողջ տեխնիկական աջակցությունը ցուցաբերել: