Հայաստանում փետրվարին կայանալիք նախագահական ընտրությունների առումով հստակ ինչ-որ բան ասելը դժվար է, քանզի նույնիսկ քաղաքական գործիչները չգիտեն` առաջադրվելու են, թե՝ ոչ: Այս մասին NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական տնօրեն Մանվել Սարգսյանը:

«Հայաստանում ընտրությունները կախված չեն հասարակությունից, դրանք կախված են այս կամ այն անձի որոշումներից, դրա համար հստակ չենք կարող խոսել այս կամ այն մարդու որոշումների մասին, որովհետեւ իրենք էլ չգիտեն` ինչ անեն»,- ասաց փորձագետը: Նրա կարծիքով` բոլոր քաղաքական ուժերը միաբերան անընդհատ  հայտարարում են, որ Հայաստանում ընտրությունները կեղծված են, գոյություն չունի անկախ ընտրությունների հնարավորություն, հասարակությունը նույնպես այդ կարծիքն ունի:

Մանվել Սարգսյանը նշեց, որ ընտրությունը Հայաստանում գործող վարչակարգի, խմբավորումների համար  պրոցես է, որտեղ փորձում են հստակեցնել դիրքորոշումները եւ ամեն ինչ կախված է առաջադրումից, եւ հենց առաջադրումների փուլում էլ հստակություն է մտցվում, թե ով կլինի նախագահը:«Բոլորի մոտ սպասողական վիճակ է, բոլորը հետեւում են` ինչ է կատարվում, որ իրենց մասնակցության ձեւն ու չափը որոշեն, փակ պրոցես է, հարաբերությունների, ոլորտների հստակեցում պետք է լինի»,- ասաց նա:

Մանվել Սարգսյանը նշեց, որ հավանական վերադասավորումները, թեկնածուների առաջադրումը կարող է լինել ինչ-որ պահից, իրավիճակից, ինչ-որ մեկի որոշումից: «Եթե ներքին ռեսուրսներով այդ խնդիրները  չեն լուծվում, բնական է, որ այստեղ խառնվում են արտաքին ռեսուրսներ, եւ այստեղ է, որ հստակություն չկա: Շատ է խոսվում, որ Սերժ Սարգսյանը պրոբլեմներ ունի Ռուսաստանի նախագահի հետ,  խոսվում է օրիենտացիաներ ունենալու մասին: Չեն կարողանում գալ ինչ-որ համաձայնության, մյուս կողմից էլ` դա հասարակությանն այնքան էլ հետաքրքիր չէ, նրա համար ոչ մի նշանակություն չունի, ով ում հետ է խոսելու, ինչ համաձայնություն են գալու եւ այլն»,- ասաց նա:

Փորձագետը կանխատեսեց, որ այս տարի էլ, ինչպես նախորդ տարիներին, բոլորն էլ թեկնածուներ կառաջադրեն, կլինի մոտ 10-12 թեկնածու, սակայն եթե թեկնածու ես առաջադրում, որը ստանում  է 2,5-5 տոկոս ձայն, ապա այդ դեպքում` էական էլ չէ, թե ում ես առաջադրում:

Ինչ վերաբերում է նախագահական ընտրությունների հետ կապված հիմնական ինտրիգին` «Բարգավաճ Հայաստանի», ՀԱԿ-ի թեկնածուներին, ապա նա նշեց. «ՀԱԿ-ը նայում է ԲՀԿ-ին, ԲՀԿ-ն ինչ անի, ՀԱԿ-ն էլ նույնը կանի:  ԲՀԿ-ն ինքը չգիտի` ինչ անի, նայում է` Սերժ Սարգսյանն ինչ կասի, այդպես էլ կանի: Չկա համաձայնություն, Սերժ Սարգսյանը եւ Գագիկ Ծառուկյանը իրենք էլ չգիտեն` ինչ անեն, չգիտեն` առաջադրվելու են, թե՝ ոչ: Եթե իրենք չգիտեն, ուրիշները ո՞նց կարող են իմանալ»,- ասաց նա` շեշտելով, որ մեկը մյսւսից կախված է, դրա համար էլ ոչ ոք ոչինչ չի խոսում: