Վերջին շրջանում հայրենի օլիգարխիայի զգալի հատվածը խոր «դեպրեսիայի» մեջ է ընկել։ Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։

«Նրանցից շատերը հատկապես նեղսրտած են այն բանից, որ գործող իշխանությունները չեն կարողանում «խաղի կանոնները» պահել ինչի արդյունքում իրենք՝ գործարարները, գնալով խճճվում են ներքին քաղաքական գործընթացների ու նոր զարգացող սցենարների մեջ, որից իրենք էլ արդեն սկսել են «գլուխ չհանել»։ Գործարար պատգամավորներից մի քանիսը խիստ դժգոհում են այն իրողությունից, որ շատ հաճախ իրենց «շեֆերն» էլ անկեղծ չեն իրենց դիտարկումների ու գնահատականների մեջ, ինչն էլ ակամայից իրենց շփոթության մեջ է գցում։ Եվ հենց այդ շփոթությունից դուրս գալու ակնկալիքով էլ օրերս հայրենի օլիգարխիայի որոշ հայտնի դեմքեր, միջոցառումներից մեկի ժամանակ, պատեհ առիթը բաց չեն թողել գոնե երկու խոսքով ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանից լուսավորվելու, թե իրականում ի՞նչ փոփոխություններ ու անակնկալներ են լինելու 2013 թվականին ընդառաջ։ Սակայն, ըստ «ՉԻ» տեղեկությունների, խոսակցությունը չի ստացվել, որովհետեւ Զոհրաբյանն ինքն էլ առանձնապես ասելիք չի ունեցել»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։