Ամերիկյան հեռուստադիտողները նախագահական հեռուստաբանավեճերի վերջին փուլի հաղթող են ճանաչել դեմոկրատների թեկնածու Բարաք Օբամային: Նման տվյալներ է բերում CBS-ը:
Նախօրեին Ֆլորիդա նահանգի Բոքա Ռատոն քաղաքում տեղի է ունեցելԲարաք Օբամայի եւ Միթ Ռոմնիի միջեւ հեռուստաբանավեճի երրորդ եւ վերջին փուլը: Այն նվիրված էր արտաքին քաղաքականության հարցերին: «Օբամայի ելույթը հավանել է հեռուստադիտողների 53%-ը, Ռոմնիինը` 23%-ը», - հայտնում է CBS-ը:
Այսպիսով, Օբաման ամրապնդել է իր դիրքերը նոյեմբերի 6-ի ընտրություններից առաջ: Հարցումները ցույց են տալիս, որ Ռոմնիի եւ Օբամայի վարկանիշները ներկայումս հավասարվել են, հայտնում է «Կոմերսանտը»:
Ինչպես հաղորդում է «vesti.ru»-ն, Բարաք Օբաման ԱՄՆ-ի ազգային անվտանգության ամենալուրջ սպառնալիքը համարում է ահաբեկչական խմբավորումները, իսկ Միթ Ռոմնին` միջուկային Իրանը: Իսկ ԱՖղանստանից ամերիկյան զորքերի դուրս բերման հարցի մասին Օբաման եւ Ռոմնին միաձայն հայտարարել են` զորքերը պետք է դուրս բերվեն մինչեւ 2014 թվականի վերջը:
Սիրիայի հարցով դիրքորոշումները նույնպես համընկել են, նրանք համաձայնել են, որ այդ երկրում ռազմական միջամտությունն ԱՄՆ-ին պետք չէ: Ռոմնին սակայն հայտարարել է, որ Վաշինգթոնը պետք է սիրիացի գրոհայիններին զենք մատակարարի: Օբաման դրան կտրականապես դեմ է եղել:
ԱՄՆ-ի նախագահը քննադատել է հանրապետականի վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ:
Նախգահի մրցակիցը հայտարարել է, որ Ռուսաստանի մասին խոսել է որպես «աշխարհաքաղաքական հակառակորդի», այլ ոչ թե, որ նա ԱՄՆ-ի անվտանգությանը սպառնալիք է ներկայացնում: Ըստ Ռոմնիի` ինքը չի պատրաստվում վարդագույն ակնոցներ կրել, երբ խոսքը Ռուսաստանի կամ դրա նախագահի մասին է:




























