Մովսար Բարայեւի  գլխավորությամբ մի խումբ գրոհայիններ 10 տարի առաջ Մոսկվայում` «Նորդ Օստ» մյուզիքլի պրեմիերայի ժամանակ, Դուբրովկայի կենտրոնում գտնվող Թատերական կենտրոնում պատանդներ  էին վերցրել:

2002 թվականի հոկտեմբերի 23-ի երեկոյան 40 ահաբեկիչներ ներխուժել էին Թատերական կենտրոնի շենք եւ պատանդ վերցրել 914 մարդու` մյուզիքլի մասնակիցների եւ հանդիսատեսների: Բանակցությունների ընթացքում ահաբեկիչները համաձայնել էին բաց թողնել միայն մահմեդականներին, արտասահմանցիներին եւ անչափահասների մի մասին:  Ռուսաստանի իշխանություններին վերջնագիր էր ներկայացվել` Չեչնիայից զորքերի դուրսբերումն սկսել անհապաղ, այլապես ահաբեկիչները մտադիր էին սպանել պատանդներին: 

Հոկտեմբերի 26-ին տեղի ունեցավ գրավված կենտրոնի գրոհումը: Գրոհն սկսելուց առաջ ուժայինները քնեցնող գազ էին տարածել շենքի ներսում: Ողբերգությունը խլել էր 130 պատանդների կյանք: 

Ընդ որում միայն 5 պատանդներ էին սպանվել մարտի ժամանակ, մնացած 125-ը վախճանվել էին հիվանդանոցում՝ ազատվելուց հետո, հիշեցնում է «Ռոսբալտը»:

Ինչպես հայտնում է  «Սոբեսեդնիկը», շենքում  բաց թողնված գազը պարունակել է նյութեր, որոնք ընդունված են անզգայացման դեպքում, սակայն ունեն բազմաթիվ վնասակար ազդեցություններ:  Այսինքն, եթե մարդը նստած է քնում՝ գլուխը հետ վիճակում, նրա լեզուն կուլ է գնում, եւ  դադարում է օդի մատակարարումը…  Հենց խեղդվելուց էլ մահացել էր պատանդների մեծ մասը: