Իտալիայում  ռիսկերի գնահատման  հանձնաժողովի 7 փորձագետներ 6 տարվա բանտարկության են դատապարտվել, քանի որ  երկրաշարժի նախօրեին  սխալ սեյսմոլոգիական կանխատեսում էին տվել: Խոսքը 2009 թվականի ավերիչ երկրաշարժի մասին է: Իտալական Աքվիլա քաղաքի դատարանը գիտնականներին մեղադրել է 309 մարդու մահվան մեջ: Նրանք նաեւ փոխհատուցում պետք է վճարեն զոհերի հարազատներին: 

Գիտնականների նկատմամբ գործընթացը տեւել է տարուց ավելի: Այժմ իրարանցումն ավելի մեծ կլինի դատավճռի  խստության պատճառով, նշում է ՆՏՎ-ն:

2009 թվականի մարտի վերջին սեյսմոլոգները եւ հրաբխագետները  ճիշտ չեն կարողացել գնահատել  ռիսկայնության աստիճանը: Մի քանի օր անց աղետն ուժգին հարված է հասցրել, 309 մարդ զոհվել են, իսկ 60 հազարից ավելի իտալացիներ մնացել են առանց տանիքի:

Ըստ դատարանի` աղետի հետեւանքները կարող էին ավելի քիչ լինել, եթե գիտնականները ճիշտ կանխատեսում անեին: Սակայն փորձագետները նման տրամաբանությունը կասկածելի են համարել, գիտական հանրությունը կարծում է, որ սկզբունքորեն անհնար է հստակ կանխատեսել երկրաշարժերը: