Քաղաքական շրջանակներում հայտնվել է մի ձայնագրություն, որը որոշակի հստակություն է մտցրել «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատների» շուրջ ծավալվող վերջին իրադարձությունների մեջ։ Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։
Մինչ ձայնագրության բովանդակությանն անցնելը, թերթը հիշեցնում է, որ Հայաստանում ամերիկյան դեսպանատան ակտիվ լոբբինգի արդյունքում, հետեւաբար՝ ամերիկյան ֆինանսական միջոցներով, ստեղծվեց ընդդիմադիր այլընտրանքային դաշինք՝ «Ժառանգության» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ընդհանուր ցուցակով։
«...Ամերիկյան կողմից իրականացվող տեղեկատվական արտահոսքերի համաձայն՝ ամերիկյան կողմն ունեցել է Րաֆֆի Հովհաննիսյան եւ Խաչատուր Քոքոբելյան առանձնազրույցի ձայնագրությունը։ Ըստ ինֆորմացիոն արտահոսքի՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, թե ինքը խնդիր ունի խորհրդարանական ընտրություններին հանդես գալ նոր թիմով, եւ որ հին թիմն իրականացրել է իր առջեւ դրված խնդիրները։
Խաչատուր Քոքոբելյանն էլ իր հերթին հավանության է արժանացրել Հովհաննիսյանի այս նախաձեռնությունը՝ նշելով, որ նոր «Ազատ դեմոկրատները» նոր դեմքեր ունեն եւ կարող են «վարձակալության հիմունքներով» նրանց տրամադրել «Ժառանգությանը» ։ Պարզապես առանձնազրույցի շրջանակներում պայմանավորվածություն է եղել, որ իրենք՝ Հովհաննիսյանն ու Քոքոբելյանը՝ որպես ծանր հրետանի պետք է մտնեն ԱԺ, հետո նախագահականին ընդառաջ վայր դնեն մանդատներն ու զբաղվեն նախագահական ընտրություններով։
Արդյունքում ամերիկացիները նպատակ չեն ունեցել Րաֆֆի Հովհաննիսյանից նախագահացու ստանալ, եւ հենց այստեղ է, որ «խաղաքարտերը խառնվել են իրար...»»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։



























