Մոսկվայում նախորդ տարվա օգոստոսին կովկասցիների հետ կռվի ընթացքում մահացած մերձմոսկովյան Դոլգոպրուդնի քաղաքի 33-ամյա բնակիչ Վլադիմիր Շմոյլովի գործով հետաքննությունն ավարտված է: Սկզբնապես միջադեպի փաստով հարուցված քրեական գործը փակվել էր, քանի որ փորձաքննությունը սահմանել էր, որ տղամարդը մահացել է գլխուղեղի անոթների անեւրիզմայի պատռվածքից, ոչ թե ծեծի հետեւանքով:
Սակայն տուժածի հարազատներին հաջողվել է ոչ միայն վերսկսել հետաքննությունը, այլեւ պատասխանատվության ենթարկել կռվի մասնակիցներին: Երեք ադրբեջանցիներին խուլիգանության եւ «առողջությանը միտումնավոր վնաս հասցնելու» մեղադրանք է ներկայացվել: Ներկայումս կասկածյալներից Մոսկվայից չբացակայելու ստորագրություն է վերցվել, գրում է NEWSru.com-ը:
Վլադիմիր Շմոյլովի հարազատների խոսքով` 2011թ. օգոստոսի 23-ի ուշ երեկոյան ավտոբուսային կանգառում մենեջերը կռվի է բռնվել եկվորների 10 հոգանոց խմբի հետ: Պատահական վկաները հայտնել են, որ տղամարդն իբր պաշտպանել է աղջկան, որին նեղացնում էին հարավցիները: Կռիվ է սկսվել: Անցորդները ոստիկանություն եւ շտապօգնություն են կանչել, սակայն Շմոյլովը մահացել է նախքան բժիշկների ժամանումը: Կռվի մասնակիցներին բռնել են տաք հետքերով: Նրանք չեն հերքել կռվի փաստը, բայց պնդել են, որ Շմոյլովին ծանր վնասվածքներ չեն պատճառել:
Հարավցիները պատահածի մի քանի վարկածներ են ներկայացրել. ըստ դրանցից մեկի` Շմոյլովն իբր հարբած է եղել եւ ինքն է առաջինը կովկասցիների վրա հարձակվել` ասելով. «Խաչիկներ, զզվեցրել եք: Հեռացեք գրողի ծոցը», մեկ այլ վարկածի համաձայն, տղամարդն ինքն է աղջկան նեղացրել, ինչից էլ սկսել է կռիվը:




























