Վրաստանի իրավապահ մարմինները կարող են սկսել փաստերի սեփական ուսումնասիրությունները, որոնք մեծ արձագանք են գտել ՆՏՎ հեռուստաընկերության եթերով  ցուցադրված «Բողոքի անատոմիա-2» ֆիլմից հետո: Վրաստանի  խրհրդարանական անվտանգության կոմիտեի նախկին ղեկավար, պատգամավոր Գիվի Թարգամաձեն կարող է դառնալ քրեական գործի գլխավոր անձ: Այս մասին, ինչպես հաղորդում  է ռուսական  «Կոմերսանտ» թերթը, հայտնել է «Վրացական երազանք» հաղթած  բլոկի առաջնորդներից մեկը` Սոզար Սուբարին:

Ինքը` Թարգամաձեն  Հոկտեմբերի 22-ին լրագրողներին հայտնել է, որ «Ձախ ճակատի» ակտիվիստներից ոչ մեկի հետ չի հանդիպել եւ բանակցություններ չի վարել, սակայն պատրաստ է «ռուսական ըդդիմության հետ կիսվել խաղաղ հեղաշրջման փորձառությամբ»,-գրում է պարբերականը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ՆՏՎ-ի եթերում հոկտեմբերի 5-ի երեկոյան ցուցադրված «Բողոքի անատոմիա-2» ֆիլմը բուռն արձագանք է առաջացրել ռուսական հանրության շրջանում: Շատ փորձագետներ հայտարարել են, որ  հատուկ ծառայությունները եւ իրավապահ մարմինները պետք է ստուգեն ֆիլմի բովանդակությունը, իսկ ընդդիմադիրները հերքել են արտասահմանից գումար ստանալու եւ իշխանության բռնազավթում իրականացնելու մասին տեղեկատվությունը:

Փաստերը, որոնք ներկայացվում են ֆիլմում, հիմք են դարձել  «Ձախ ճակատ»-ի համակարգողներ Սերգեյ Ուդալցովի, նրա համախոհ  Կոնստանտին Լեբեդեւի, պատգամավոր Իլյա Պոնոմարյովի  օգնական  Լեոնիդ Ռոզվոզժաեւի նկատմամբ  քրեական գործ հարուցելու համար: Կ. Լեբեդեւին եւ Լ. Ռոզվոզժաեւին դատարանը երկու ամսվա կալանք  է նշանակել: Ս. Ուդալցովը ստորագրությամբ ազատ է արձակվել:  ՆՏՎ-ի տվյալներով, նշված բոլոր ակտիվիստները Մինսկում հանդիպել են  Գ. Թարգամաձեի հետ, որտեղ  քննարկվել է ռուսական բողոքի ֆինանսավորման հարցը: