Փողերի շորթման եւ լվացման համար ԱՄՆ-ում ձերբակալված նախկին ԽՍՀՄ-ի բնակիչը բավական արտասովոր կերպով օգնություն է խնդրել ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Միթ Ռոմնիից. նրա ընկերների վարձակալած թեթեւշարժիչային ինքնաթիռը ուղիղ մեկ ժամ պտտվել է Մանհեթանում եւ Բրայթոն բիչում` «Ռոմնի, օգնիր» գրառմամբ եւ «Վասիլենկո» մակագրությամբ պաստառով:

Նախորդ շաբաթ Վադիմ Վասիլենկոն, մականունը` Ռուսկի, նույն կերպ դիմել էր ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային: Եթե քաղաքական գործիչները չարձագանքեն, մյուս հասցեատերը, ըստ Ռուսկիի, կլինի Կույս Մարիամը, հայտնում է ՆՏՎ-ն:

«Նախորդ շաբաթ Նյու Յորքում ընկերներս իմ անունից կախել էին  «Օբամա, օգնիր» պաստառը: Այսօր դիմում եմ Ռոմնիին, նա գործարարներին ավելի մոտ է կանգնած: Վաղը երկինք կխոյանա իմ խնդրանքը Կույս Մարիամին, միայն նրա հետ կարելի է հույս կապել, քանզի քաղաքական գործիչներն  ինձ չլսեցին», - ասել է նա:

LifeNews-ի հաղորդմամբ, ուկրաինայի բնակիչ Վասիլենկոն ձերբակալվել է 2006թ.`Western Express  կիբերքրեական խմբավորման կազմում փողեր լվանալու եւ գումարային ապօրինի փոխանցումներ կատարելու մեղադրանքով:   Գործարարին 172 կետից բաղկացած մեղադրանք է ներկայացվել: Նախկին ԽՍՀՄ քաղաքացուն մինչեւ 45 տարվա պատժաժամկետ է սպառնում, եթե գործը հասնի ատենակալների դատարան: