Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը առավոտյան օրենսդրական թիվ 71 հրամանագիր է արձակել, որի համաձայն մինչեւ 23.10.2012 թ-ը հանցագործություններ կատարած դատապարտյալները  համաներման են արժանանում: Այս մասին հայտնած պետական լրատվամիջոցները դեռեւս ոչ մի բացատրություն չեն տվել: Սակայն  պետք է սպասել, որ ներումը չի անդրադառնա այն անձանց, «ում ձեռքերը կեղտոտվել է համերկրացիների արյամբ»,- պարզաբանել են սիրիական լրատվամիջոցները:

Համաներման մասին հրամանը արձակվել է  ընդդիմադիր գրահայինների դեմ պայքարում սիրիական կառավարական բանակի նոր հաջողությունների մասին լուրերի ֆոնին: Մասնավորապես Հալեպ քաղաքի Ալ-Կալլյասա թաղամասում,  Ջամալ մզկիթի մոտակայքում, Ալ-Ջալյում շուկայի հարեւանությամբ եւ Սուկկար մզկիթի մոտակայքում բանակային ստորաբաժանումների կողմից իրականացվել են   մի շարք հակաահաբեկչական գործողություններ, որոնց արդյունքում ոչնչացվել են տասնյակ ահաբեկիչներ, այդ թվում դիպուկահարներ:

Ահաբեկիչների հետ բախումները տեղի են ունեցել նաեւ հին ավտոկայանի տարածքում եւ մի շարք այլ թաղամասերում: Բանակային ստորաբաժանումները գրոհել են ահաբեկիչների բազաները, մեծ քանակության գրոհայիններ են ոչնչացվել, հայտնել է սիրիական պետական ՍԱՆԱ տեղեկատվական գործակալությունը: Վերջին տվյալներով սիրիական-թուրքական սահմանի հատվծներից մեկում  ոչնչացվել է ահաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը` ոմն Ադնան Ֆարրուխը: