Մոսկվայում ընդհատակյա ստուդիա է հայտնաբերվել, որտեղ մանկական պոռնոգրաֆիա էին նկարահանում: Իրավապահներին չի հաջողվել ձերբակալել ստուդիայի տերերին: Պարզվել է, որ այն նախաձեռնել էին 50-ամյա Միխայիլ Սարինը եւ նրա 25-ամյա քաղաքացիական կին Եկատերինա Օդինցովան, հաղորդում է «Առաջին ալիքը»:
Ամուսինների վերջին զոհերն են դարձել 10-ամյա Իրինան եւ 14-ամյա Կարինան: Սեպտեմբերի վերջին աղջիկները միասին զբոսնելիս տեսել են տիրուհու հետ զբոսնող ձեռնասուն առնետի: Նրանք խնդրել են շոյել կենդանուն, իսկ կինը նրանց հրավիրել է իր երկսենյականոց բնակարան: Այնտեղ դպրոցականներին առաջարկել են 300 ռուբլու դիմաց 4 ժամ դիտել տեսագրություններ եւ սկավառակների վրա գրել դրանց տեւողությունն ու բովանդակությունը: Տեսակավորվող ֆիլմերը մանկական պոռնոգրաֆիա են եղել:
Այդ «աշխատանքի» ընթացքում աղջիկներին ալկոհոլ եւ սիգարետ են հյուրասիրել, հետո առաջարկել են անձամբ մասնակցել պոռնոգրաֆիական նկարահանումներին եւ փողի դիմաց սեռական հարաբերություն ունենալ, գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը:
Երբ աղջիկներն սկսել են բացակայել դպրոցական պարապմունքներից, նրանցից մեկի ուսուցչուհին զանգահարել է մորը եւ հետաքրքրվել` ինչու աղջիկը դպրոց չի հաճախում: Տուժածներից կրտսերը ստիպված պատմել է «տարօրինակ բնակարան» այցերի մասին: Ծնողն ու ուսուցչուհին ուղեւորվել են նշված հասցե: Դուռը բացել է մի տղամարդ եւ հավաստիացրել, որ աղջիկների պատմածը հորինվածք է, գրում է Life News-ը:
Դրանից հետո կանայք դիմել են ոստիկանություն, բայց երբ ոստիկանները ժամանել են, բնակարանն արդեն դատարկ է եղել: Բնակարանի խուզարկության արդյունքում մանկական պոռնոգրաֆիայի հազարավոր տեսագրություններ են հայտնաբերվել, ընդ որում` հիմնականում տարբեր երեխաների մասնակցությամբ:
Կասկածյալ Միխայիլ Սարինը դատված է եղել կողոպուտի եւ ավազակության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու եւ պոռնոգրաֆիա տարածելու համար: Նա Թայլանդում կեցության իրավունք ունի, նաեւ` հյուրանոցի սեփականատեր է:
Չի բացառվում, որ մանկապիղծ ամուսիններն արդեն կեղծ փաստաթղթերով Թայլանդ են մեկնել: Նրանց նկատմամբ դաշնային հետախուզում է հայտարարվել: Հանցագործներին մինչեւ 20 տարվա ազատազրկում է սպառնում:





























