Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել Գյումրիի քաղաքապետարանի «Չայկա»-ի առեւանգման գործով:

Ոստիկանության լրատվության վարչության փոխանցմամբ, հոկտեմբերի 19-ին, ժամը 17.35-ին,  ոստիկանության Գյումրիի բաժնում Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալից գրություն է ստացվել, որ  համայնքին պատկանող «ԳԱԶ-13» ավտոմեքենան, որը գտնվել է Կարեն Դեմիրճյանի փողոցի թիվ 9 հասցեում, նախկին «Բնակտնտեսություն» ընկերության ավտոտնակում, հոկտեմբերի 19-ին, ժամը 09.10-ին, Գյումրիի քաղաքապետարանի կողմից կնքվել  եւ ի պահ է հանձնվել  նշված ընկերության  պահակին մինչեւ հետագա տնօրինման հարցի լուծումը, սակայն նույն օրը, ժամը 15.00-ին, պարզվել է, որ առանց համապատասխան թույլտվության պոկվել է ավտոտնակի կապարակնիքը, եւ ավտոմեքենան փախցրել են:

Ոստիկանության  Գյումրիի բաժնի ծառայողների  ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 21-ին, ժամը 18.30-ին, հիշյալ ավտոմեքենան հայտնաբերվել է Պլեխանովի փողոցի թիվ 131/028 տնակին հարակից տարածքից:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողների  ձեռնարկած   միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Պլեխանովի փողոցի թիվ 131/028 տնակին հարակից տարածք «ԳԱԶ-13» ավտոմեքենան  տեղափոխել է 1959 թ. ծնված Արամ Պ.-ն:

Արամ Պ.-ն ցուցմունքում նշել է, որ ինքն ավտոմեքենան տեղափոխել է 1959 թ. ծնված   Գեւորգ Ղ.-ի խնդրանքով, քանի որ իմացել է, որ Գեւորգ Ղ.-ն այդ մեքենան գնել է աճուրդով եւ տեղափոխել է վերանորոգելու նպատակով:

Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ Գեւորգ Ղ.-ն Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբայրն է: