Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ներկայում գործում են 380 կազմակերպություններ, 2011 թ. 281-ի համեմատ: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 23-ին հայտարարեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ՀՀ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի նիստում ներկայացնելով ՏՏ ոլորտի վերջին զարգացումները:

Պահպանվում են ՏՏ ոլորտի աճի բարձր տեմպերը` տարեկան 25%: Եթե 2011 թ. ոլորտի համախառն արտադրանքը 205 մլն դոլար էր, ապա 2012 թ. կգերազանցվի 250 մլն դոլարը: Բացի այդ` շուկայում ամրապնդվել են տեղական կազմակերպությունները, համենայնդեպս` տեղական եւ արտասահմանյան կազմակերպությունների կշիռներն արդեն հավասարվել են:

ՏՏ ոլորտի արտադրանքի մոտ 60%-ն արտահանվում է, արտահանման մեծ մասը բաժին է ընկնում ԱՄՆ-ին: Հայկական ՏՏ ընկերությունները որոշ չափով ակտիվացել են եվրոպական շուկայում, սակայն ռուսական շուկայի մասնաբաժինը դեռեւս մեծ չէ:

Բավականին հետաքրքիր զարգացումներ կան աշխատուժի շուկայում: Եթե 2011 թ. ոլորտի մասնագետների թիվը 6860 էր, ապա 2012 թ. նրանց թիվը կգերազանցի 7800-ը` ապահովելով 15%-ի աճ: Եթե 3-4 տարի առաջ ոլորտի մոտ 70%-ը աշխատում էր արտասահմանյան կազմակերպություններում, ապա ներկայում տեղական եւ արտասահմանյան կազմակերպությունների միջեւ հարաբերակցությունը 50/50 է: ՏՏ ընկերությունների աշխատակիցների մոտ 70 %-ը տեխնիկական հարցերով մասնագետներ են: Եթե ավելացնենք հեռահաղորդակցության ոլորտը, ապա ոլորտի աշխատակիցների թիվը կգերազանցի 10 հազարը: 

ՏՏ ոլորտում Հայաստանն աչքի է ընկնում կանանց բարձր մասնակցությամբ: Զարգացած երկրներում կանանց ներգրավվածությունը ՏՏ ոլորտում 10%-ը չի գերազանցում, իսկ Հայաստանում գերազանցում է 30%-ը, ինչը բացառիկ երեւույթ է ողջ աշխարհի մասշտաբով: Ըստ Բ. Ենգիբարյանի` նույնիսկ արտասահմանյան փորձագետներն են զարմանքով նշում այդ մասին:

Բ. Ենգիբարյանի ներկայացմամբ` աշխարհում «դաժան մրցակցություն է» ընթանում ՏՏ ոլորտում, որին միջամտում են նաեւ կառավարությունները: Հայաստանն ունի մի շարք համեմատական առավելություններ: Առաջին` Հայաստանը դեռ օգտվում է խորհրդային ժամանակներում ստեղծված կրթական ենթակառուցվածքներից: Դրա հիման վրա Հայաստանը ստեղծել է իր ամենամեծ առավելությունը` մասնագիտական ներուժը: «Հայաստանը էժան աշխատուժ չունի, Հայաստանում աշխատավարձերը բավականաչափ բարձր են: Սակայն այն սեգմենտում, որտեղ Հայաստանը մրցակցում է` հետազոտական, նորարարական ծրագրեր, Հայաստանը շատ հետաքրքիր դիրքավորվում է աշխարհում, եւ դեռ ունի աշխատավարձային համեմատական առավելություն»,- ասաց Բ. Ենգիբարյանը: